ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Հայտարարությունում նշվում է, որ Գուրգեն Ալավերդյանի արժանապատվության հրապարակային ոտնահարմամբ Ադրբեջանը մերժում է քաղաքակիրթ մարդկության հանրահռչակած՝ ռազմագերիների՝ «ցանկացած հանգամանքներում իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունքը», որն ամրագրված է Ժնևի III կոնվենցիայով, և նման գործելակերպը բնորոշ է տխրահռչակ ահաբեկչական խմբավորումներին և, «ինչպես կարող ենք արձանագրել, նաև Ադրբեջանին»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
1lurer.am-ի հետ զրույցում քաղաքագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Գրետա Ավետիսյանն ընդգծեց, որ գերիների հետ կապված՝ Ադրբեջանը տարիներ ի վեր նույն քաղաքականությունն է վարում, և այդ երկրի տարածած տեսանյութը նորություն չէր: Այն բնորոշ է նրանց քարոզչական թեզերի տրամաբանությանը և իրավիճակի սրման ևս մեկ փորձ է, որով շարունակում են հակահայկական քաղաքականությունը:
«Ցանկացած անձ, որը պատահաբար անցնում է Ադրբեջանի սահմանը, անվանում են դիվերսանտ՝ փորձելով միջազգային հանրությանը ներկայացնել՝ իբր թե հայկական կողմն է դիմում իրավիճակի սրման, դիվերսիոն գործողություններ է իրականացնում: Սակայն սա նրանց կողմից ևս մեկ փորձ է, որ ցույց տան՝ իբրև թե՝ հուլիսյան իրադարձությունների սրացման պատճառը Հայաստանն է եղել, սրման դիմել է հայկական կողմը»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ հուլիսյան սրացումներից հետո ադրբեջանական կողմը որևէ կերպ չի պատրաստվում դիմել իրավիճակի լիցքաթափման:
Ավետիսյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը, համանախագահներն ու Կարմիր խաչը իրենց ուրույն դերը պետք է ունենան ու կանխարգելիչ գործողություններ կատարեն, որպեսզի հայ սպայի նման անձինք, որոնք մոլորությամբ անցել են սահմանը, չհայտնվեն նման բարդ իրավիճակում, և նրանց չանվանեն դիվերսանտ:
Անդրադառնալով Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ օգոստոսի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա բովանդակային կոնկրետ հարցերով, այլ ոչ թե վերածվի բանակցությունների իմիտացիայի, քաղաքագետը նշում է՝ ադրբեջանական կողմը պարբերաբար ասում է, որ հայկական կողմը միայն սադրիչ գործողությունների է դիմում և հրաժարվում է բանակցություններից, բայց բոլորի համար պարզ է, որ դա զուտ քարոզչական նկատառումներով արվող քայլ է:
«Հայկական կողմը՝ թե՛ իր գործողություններով, թե՛ իր հայտարարություններով, պարբերաբար ապացուցել է, որ պատրաստ է առարկայական բանակցությունների, իհարկե՝ Ղարաբաղի ներգրավմամբ: Սակայն պետք է նշեմ, որ Ղարաբաղի ներգրավումը պետք է դիտարկել ոչ թե ֆորմատի փոփոխություն, այլ ֆորմատի վերականգնում: Հիշում ենք, որ Ղարաբաղը նախկինում մասնակցել է բանակցություններին»,- ասաց Գրետա Ավետիսյանը:
Ավետիսյանի խոսքով՝ միջազգային հանրությունը լավ հասկանում է, թե ով է խաղի կանոնները խախտողը, քանի որ Ադրբեջանի հակահայկական գործողությունները չեն դադարում, և խոսել այն մասին, որ հայկական կողմն է դանդաղեցնում բանակցային գործընթացը՝ միամտություն կլինի: Քաղաքագետը Լավրով-Բայրամով հանդիպումից ուշագրավ համարեց լիցքաթափման խնդրի ու բանակցային գործընթացի վերսկսման հարցի շեշտադրումները:
«Այսինքն՝ մենք ունենք մի իրավիճակ, երբ դեռևս դեէսկալացիայի մասին խոսելն անհնար է, այսինքն՝ սրացումներ կան տարբեր տիպի գործողությունների արդյունքում, և պետք է նախ և առաջ մի շարք գործողություններ իրականացնել, որպեսզի այդ էսկալացիան հնարավորինս նվազի, և հնարավոր լինի հասնել արդեն բանակցությունների»,- ասաց Ավետիսյանը:
Քաղաքագետը շեշտեց, որ կարևոր է հաշվի առնել նաև քառօրյա պատերազմի դասերը, որից հետո նույնպես նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել, երբ անհրաժեշտ էր համապաատսխան մթնոլորտի ստեղծում, որպեսզի բանակցությունները վերսկսվեին:
«Ձեռք բերվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, սակայն մեկ ամիս անց Ադրբեջանը հայտարարեց, որ նման պայմանավորվածություններ գոյություն չունեն»,- ասաց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետը:
Քաղաքագետի խոսքով՝ թե՛ Հայաստանի, թե՛ միջնորդների և ընդհանրապես միջազգային հանրության խնդիրը պետք է լինի այն, որ ձեռք բերվող հնարավոր պայմանավորվածություններն ի կատար ածվեն, և Ադրբեջանը, ի վերջո, չխախտի պայմանավորվածությունները:
Գրետա Ավետիսյանը, անդրադառնալով նաև այն փաստին, որ օգոստոսի 26-ին տեղի էր ունեցել Ադրբեջանի ու ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը, իսկ այնուհետ նաև Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի հրավերով ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի աշխատանքային այցը Բաքու, ընդգծեց, որ նկատելի է, որ Ռուսաստանը երկու կողմերի հետ էլ պահպանել է բալանսը:
«Մինչև Լավորվը կհանդիպեր Բայրամովին, հեռախոսազրույց է տեղի ունեցել մեր արտգործնախարար Մնացականյանի հետ, և մինչև Շոյգուի այցն Ադրբեջան Մոսկվայում հանդիպում է տեղի ունեցել Դավիթ Տոնոյանի հետ: Այստեղ տեսնում ենք որ, համենայն դեպս, Ռուսաստանն իր ռազմավարական գործընկերոջ հետ հաշվի է նստում, և մինչ Ադրբեջանի հետ հանդիպումներ ունենալը որոշակի քննարկումներ են տեղի ունենում հայկական կողմի հետ»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ այդ հանգամանքը բավականին կարևոր է ընդգծել և նկատել: