Իրականացվում է ծառայողական քննություն, նաև քրեական գործ է հարուցված կամ կհարուցվի մոտ ժամանակներս, ծառայողական քննության ժամանակ կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել: Այս մասին ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Գուրգեն Ալավերդյանի մասին:
«Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում։ Արդյոք մեր զինծառայողը առևանգվե՞լ է, արդյոք այլ պայմաննե՞ր են եղել՝ մենք պետք է դեռ պարզենք։ Դրանից կախված՝ տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք, չնայած հիմա մեր պահանջն այն է, որ առնվազն միջազգային Կարմիր խաչի ներկայացուցչությունն Ադրբեջանում այցելի մեր զինծառայողներին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ, ըստ իր տեղեկությունների, մինչ այս պահը դա չի կատարվել:
«Գոյություն ունեն ստանդարտ պրոցեդուրաներ, որոնցով ցանկացած իշխանություն, նաև Ադրբեջանի իշխանությունները, տեղեկացվում են, զգուշացվում են, որ իրենք խախտում են կատարել, դրանից հետո լինում են արդեն արձագանքներ տարբեր ձևաչափի:
Մենք վստահ ենք, որ և՛ ԵԱՀԿ շրջանակում, և՛ Կարմիր խաչի, և՛ ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում, որ մեր զինծառայողները վերադարձվեն, բայց կան նաև վերադարձման ինչ-որ պայմաններ՝ փոխանակել և այլն: Գլխավորը, որ առողջ լինեն»,- հավելեց Տոնոյանը՝ անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին:
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է որակում ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայ սպա Գուրգեն Ալավերդյանին որպես դիվերսանտ ներկայացնելը:
Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է օգոստոսի 22-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ մարտական հենակետի ստուգումների ժամանակ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: