Հատապտղային ընկերության մշտադիտարկումը փաստում է, որ հայկական հատապտուղների նկատմամբ դրսի շուկայում պահանջարկը տարեցտարի ավելանում է: Շուկայի պահանջարկը բավարարելու համար, սակայն, նոր տեխնոլոգիաներով հատապտղանոցներ են հարկավոր՝ ասում է ֆերմերը: Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ Կոտայքի հատապտղի բանջարանոցներից մեկում կառուցված փակ հատապտղանոցը առաջին բերքն է տվել:
Հարություն Փախչանյան, հատապտղանոցի գործադիր տնօրեն - Սա սովորական ջերմոց չէ, սա թունելային ջերմոց է. մեզ հնարավորություն է տալիս սեզոնը որոշ չափով երկարացնել տարվա սկզբից, որոշ չափով՝ տարվա վերջից:
Աշնանային անձրևները սովորաբար խոչընդոտում են բերքահավաքին ու արտահանմանը, իսկ այս դեպքում բերքը հնարավոր է հավաքել նաև անձրևային եղանակին:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը պատրաստ է աջակցել այն հատապտղանոցների տերերին, որոնք կհամաձայնեն զարգացող տնտեսություններին տրամադրել նաև տնկիներ, ու աջակցել բերքի արտահանման հարցում: հատապտղային բիզնեսը զարգացնելու տարբերակը փորձարկել են 1120 քառակուսի մետր տարածքում:
Հարություն Փախչանյան - Մտածում ենք 4 հեկտար ընդլայնման մասին: Էս ջերմոցներից ուզում ենք մի քանիսն էլ կառուցել, ուզում ենք դիմել պետական աջակցությանը:
Պետական աջակցությունը չի ուշանա՝ վստահեցնում է էկոնոմիկայի նախարարի տեղակալը: Աջակցություն միշտ եղել է ու էլի կլինի: Գումար կտրամադրեն, այն էլ՝ լավագույն պայմաններով:
Արման Խոջոյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Հատապտղանոց հիմնելու համար ֆերմերը հինգ տարի ոչ մի գումար չի վճարելու, հինգ տարի հետո արդեն վեցերորդ, յոթերորդ, ութերորդ տարում նոր սկսում է մայր գումար վճարել, և 2020 թվականին Կառավարությունը արդեն հայտարարեց, որ բոլոր տոկոսները զրոյացված են: Դա նշանակում է, որ միայն մայր գումարն է վճարվելու:
Լին Թրեյսի, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան - Եռակողմ համագործակցությամբ՝ Կառավարություն, Միջազգային գործակալություն, բիզնես, մենք կարողանում ենք արդյունքի հասնել: Այս ընկերությունը գերազանց օրինակ է, նոր տեխնոլոգիայով այս թունելային հատապտղանոցում հիմա ավելի շատ բերք են հավաքում:
Դեսպան Լին Թրեյսին վստահ է՝ սրտացավ բիզնեսներում Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված Միջազգային զարգացման գործակալության գումարները Հայաստանում ոչ թե փոշիանում, այլ նույնիսկ համավարակի պայմաններում նպատակային ու արդյունավետ են ծախսվում: