Եթե հնարել հեծանիվ, ապա միայն էլեկտրական. 18-ամյա Վահագնի երազանքն էր: Խելացի հեծանիվները թանկ էին, Միացյալ Նահանգների Վիսկոնսինի համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի ապագա ուսանողը որոշեց՝ ինքը կստեղծի:
Վահագն Ենգիբարյան, E-bike-ի հեղինակ - Կարելի է ասել՝ երազանքի առաջին մասն էր:
Մարինա Մինասյան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրի ղեկավար - Վահագնը մեր մոտ եկավ, ասաց, որ երազանք ունի: Ինժեներների հետ լաբորատորիայում երկու ամիս ուսումնասիրեց, ու արդյունքի առաջին փորձարկումը՝ Առաջին ալիքի հետ:
Վահագն Ենգիբարյան - Ունի շատ տարբերվող մասեր, որ աշխարհում գոյություն չունեն: Սկսած անշարժ շղթայից և նրա տեղից, թե որտեղ է միանում: Օրինակ՝ այդ լուծումը այն շատ հզոր դարձրեց: Հիմնական տարբերությունը ուրիշ էլեկտրական հեծանիվներից սա է:
Հենց այս տեխնոլոգիայի շնորհիվ քիչ էլեկտրաէներգիա է օգտագործում՝ 32 վոլտ ու մեկ ձիաուժ հզորություն ունի:
Վահագն Ենգիբարյան - Մինչև 3 ժամ կարող է աշխատել: Լիցքավորումը շատ արագ է: Շատ չի տարբերվում սովորական հեծանիվից, մոտ 3 կգ: Հիմնական տարբերությունը՝ հիբրիդ տեսակն է:
Ի-բայքը հարմար է մեր երկրի ռելիեֆի համար, բարձր հզորությամբ կարող է բարձրանալ խորդուբորդ սար ու ձորերը, չի վնասում բնությունը՝ ի տարբերություն մոփեդների, որ աշխատում են գազով: Կխնայիր ոչ միայն բնությունը, այլ նաև գրպանի պարունակությունը:
Վահագն Ենգիբարյան - Էլեկտրական հեծանիվները, որ, օրինակ, արժեն մոտ 5 հազար դոլար, ավելի թանկ են. սա կլինի շատ ավելի մատչելի: Հիմա ավելի շատ մտածում ենք, որ լինի հանովի-դնովի: Ապագայում էլի ուզում եմ նման ծրագրեր իրականացնել, որ նաև կհեշտացնեն մարդկանց կյանքը:
Կյանքը հեշտացնող գաղափարներն իրականություն դարձնելու համար դպրոցների ու համալսարանների ուսանողների համար Ինժեներական քաղաքում նաև դասընթացներ են կազմակերպում՝ հետո աշխատանքի հնարավորությամբ:
Մարինա Մինասյան- Այն աշակերտներն ու ուսանողները, որոնք ունեն հետաքրքիր գաղափարներ և ուզում են իրականացնել դրանք, կստանան օգնություն: Մենք պատրաստ ենք աջակցել, ու մեր դռները միշտ բաց են աշակերտների և ուսանողների համար:
Շարժիչն ավելի հզոր դարձնելու համար Վահագնը արձակուրդին չի հանգստանում, նախատիպի երկրորդ տարբերակի վրա է աշխատում: Երկրորդ էլեկտրական հեծանիվը կլինի ավելի հզոր, տեխնոլոգիան հնարավոր կլինի հանել ու դնել ամեն հեծանիվի վրա ու դարձնել էլեկտրական: