ԱՀ պետական միջոցներով կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնք տանող 3,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը, «Արցախպրես»-ին հայտնել է Խնձրիստանի համայնքի ղեկավար Ալեքսեյ Ավանեսյանը:
Համայնքապետի խոսքով՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ իրականացվում են հողային աշխատանքներ:
«Սալապատման ծրագրի շրջանակներում համայնքում կատարվել է 2600 քառ. մ աղյուսապատում. այս ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան: Ի դեպ, սալապատման աշխատանքների մի մասը իրականացվում է գյուղի բնակիչների ուժերով» ,- տեղեկացրել է համայնքի ղեկավարը:
Խոսելով Խնձրիստան համայնքի առաջնահերթ խնդիրների մասին՝ Ա. Ավանեսյանն ասել է, որ գյուղի բնակիչներն օրվա ընթացքում 1 ժամով են ջուր ստանում. կան տներ, որտեղ ջուրն ընդհանրապես չի հասնում:
«Արդեն հինգ տարի է, ինչ համայնքը ջրի խնդիր ունի: Այս հարցով դիմել ենք Ասկերանի շրջվարչակազմին և հուսով ենք՝ հնարավորինս կարճ ժամկետում հարցին լուծում կտրվի»,- ավելացրել է Ա. Ավանեսյանը: