Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ: 1lurer.am-ի հետ զրույցում ԱՆ անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպիչ Մերի Կատվալյանն ասաց, որ այս տարվանից կլինիկական օրդինատուրա ընդունվող բժիշկ մասնագետներն ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի` նախկին 5 տարվա փոխարեն:
Կառավարության 2020 թ. օգոստոսի 13-ի թիվ 1329 որոշմամբ հաստատվել են ՀՀ-ում 2020-2021 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը` ըստ մասնագիտությունների:
Կատվալյանը նշեց, որ առողջապահության նախարարությանը հատկացվել է նպատակային կլինիկական օրդինատուրայի 58 տեղ՝ մարզային բժշկական կազմակերպությունների ներկայացրած հրատապ պահանջարկի մասնագիտություններով:
«Եթե նախորդ տարիներին ավարտելուց հետո բժիշկ մասնագետներն աշխատում էին մարզային բժշկական կազմակերպություններում 5 տարի, այս տարվանից սկսած պայմանագրի շրջանակում աշխատելու են 3 տարի: Արդեն նախապատվություն է տրվելու, որ եթե դիմորդը մարզից է՝ իրենց մարզ են ուղեգրվում, իսկ եթե տվյալ մարզից չէ, ապա հաշվի է առնվում անպայման բժիշկ մասնագետի ցանկությունը, քննարկվում է և համատեղ ընտրվում օպտիմալ տարբերակ, իհարկե որպեսզի լրացնենք նաև մարզային բժշկական հաստատությունների կադրային բացը»,- ասաց Կատվալյանը:
1lurer.am-ը զրուցեց նաև նպատակային կլինիկական օրդինատուրայի շրջանավարտներից Սոնա Եգանյանի հետ: Նա նախորդ տարի ավարտելով կլինիկական օրդինատուրան՝ արդեն մարզում՝ Մարտունու բուժկենտրոնում աշխատանքի է անցել որպես մանկաբույժ: Եգանյանը նշեց, որ մարզում 5 տարի կաշխատի, իսկ այս տարվա ավարտողների համար ավելի լայն հնարավորություններ են ընձեռվել:
«Որոշեցի նպատակային կլինիկական օրդինատուրայով ընտրել մանկաբուժություն մասնագիտությունը: Ավարտելուց հետո այս ծրագրով աշխատանքի տեղավորման խնդիր չես ունենում: Հիմա շատ է կենտրոնացումը մայրաքաղաքում, ու մարզերն էլ շատ ունեն երիտասարդ կադրերի կարիքը: Այսպես նաև փորձում ենք հոսքը նվազեցնել, մայրաքաղաքում չծանրաբեռնել, փոխարենը զարգանում է նաև մարզային բժշկությունը»,- ասաց Եգանյանը:
ԱՆ անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպիչ Մերի Կատվալյանն ընդգծեց, որ նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագիրն առողջապահության նախարարությունն իրականացնում է 2012 թվականից: Նա շեշտեց, որ ծրագրի նպատակն է նպաստել մարզային բժշկական կազմակերպությունների կադրային հագեցվածության բացի լրացմանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների աշխատանքի ապահովմանը:
«Բացի այդ, նպատակ ունենք նաև ապահովել մարզային բժշկական կազմակերպություններում պացիենտների պատշաճ և որակյալ բժշկական օգնությունն ու սպասարկումը: Հիմա արդեն հայտարարված է ընդունելություն, և մինչև սեպտեմբերի 4-ը դիմորդները գալիս են նախարարություն, կնքում են պայմանագիր նախարարության հետ: Այդ շրջանակում վճարվում է ամբողջ տարիների կլինիկական օրդինատուրայի ուսման վարձավճարը: Կլինիկական օրդինատորը ստանում է նվազագույն աշխատավարձի չափով կրթաթոշակ և ավարտելուց հետո պարտավորվում աշխատել նախարարության նշանակած մարզային բժշկական կազմակերպությունում՝ 3 տարի ժամկետով»,- ասաց Կատվալյանը:
Նա հայտնեց, որ ծրագրի շրջանակում նախնական գրանցվել է 112 դիմորդ, իսկ օգոստոսի 27-ի դրությամբ պայմանագրեր են կնքվել75 դիմորդի հետ, որոնցից միայն 58-ը կհաջողեն ընդգրկվել ծրագրում մրցութային կարգով: Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 4-ն է: Արդյունքներն ամփոփվելու են մինչև սեպտեմբերի 10-ը:
ԱՆ անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի խոսքով՝ ծրագիրը հնարավորություն է ընձեռում, որ բժիշկ մասնագետներն աշխատաշուկայում իրենց տեղն ավելի հեշտ գտնեն: