Թատրոնի վերջին ներկայացումը մարտի 12-ին էր, դրանից հետո հանդիսատես չի մտել դահլիճ։ Ամսական պլան ունեին, որը ձախողեց կորոնան, մարիտի 14-ի խաղը չկայացավ։
Լյուդվիգ Հարությունյան, Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրեն - Մարտից հետո պատրաստվում էինք յուրաքանչյուր ամիս 18 ներկայացում խաղալ, տոմսերը մինչև այս պահը հետ չեն վերադարձրել։
Կարանտինի առաջին օրերին անցան առցանցի, ցուցադրեցին արխիվային ներկայացումների նկարահանումները։ Զուգահեռ փոքր խմբերով և անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ աճեմյանցիները պատրաստվել են երկու նոր ներկայացման, հիմա պատրաստվում են առաջնախաղի։ Ներկայացումը կբեմադրվի փոքր անձնակազմով, խոցելի խումբը չի մասնակցում ներկայացմանն ու փորձերին։
Դրամատիկականի՝ բացօթյա ներկայացման առաջին փորձն է, հնարավոր է` այն լինի նաև բարեգործական։ Աճեմյանցիների խաղը դրական գույներ կբերի քաղաքին: Վեցամսյա դադարը ֆինանսական լուրջ դժվարություններ է պատճառել թատրոնին, մինչդեռ անցած տարի, օրինակ, արտաբյուջետային միջոցները հնարավորություն տվեցին ինքնուրույն բեմեր նորոգել, հատակն ու տանիքը փոխել:
Այս ընթացքում տարբեր ծրագրերի են մասնակցել, օգտվել են պետական աջակցությունից, ոչ մի կրճատում չի եղել, բոլորը վճարվել են 100 տոկոսով։ Բոլորից շատ թատրոնը հիմա սպասում է դռների վերաբացմանը, թե երբ կկարողանան վերադառնալ բնականոն աշխատանքի։ Շատ արագ մեջքը կշտկի և ոչ մի աջակցության կարիք չի ունենա,- ասում է Լյուդվիգ Հարությունյանը։