Փլուզումից տուժած 10 ընտանիքի գիշերելու հարցը լուծվել է: Նրանք տեղափոխվել են քաղաքի հյուրանոցներից մեկը, որտեղ կմնան առաջիկա երեք օրը: Քաղաքապետարանը նաև կհոգա տուժած քաղաքացիներին վարձով բնակարանով ապահովելու հարցը: Շենքի մյուս մուտքերի բնակիչներին քաղաքաշինության կոմիտեն թույլատրել է տուն բարձրանալ:
Առաջնահերթ` լուծվել է փլված մուտքում ապրող ընտանիքների գիշերելու հարցը: Առնվազն 3 օր մարդիկ կմնան երևայնայն հյուրանոցներից մեկում՝ ասում է վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:
Հետո ինչ օգնություն կցուցաբերվի անտուն մնացած մարդկանց՝ պարզ կլինի սոցիալական բոլոր խնդիրները վեր հանելուց հետո: Քաղաքապետի` դեպքի վայրում տված հանձնարարության համաձայն, համայնքային բյուջեից նախ կազմակերպվելու է առաջին անհրաժեշտության փաթեթների տրամադրման ու վարձով բնակարանների հարցը՝ մարդիկ դրսում չեն մնա,- վստահեցնում են քաղաքապետարանից:
Լուսինե Հովհաննիսյան, Երևանի Սոցիալական ապահովության վարչության պետ - Երևանը սոցիալական բնակարանյին ֆոնդ չունի, հետևաբար, մենք կարող ենք բնակվարձի փոխհատուցում կազմակերպել՝ 3-ից առավելագույնը 6 ամսով:
Մինչև երեկոյան ժամը 18:00-ն մարդիկ ընկճված հետևում էին, ինչպես են փրկարարները մաքրում տարածքը: Ոստիկանները հսկում էին՝ առավոտյան տարհանումից հետո որևէ մեկը չմտնի շենք՝ անգամ փլվածքից ամենահեռու մուտքի իր բնակարանը, նույնիսկ մի քանի րոպեով՝ անձնագիր կամ հագուստ վերցնելու:
Շինության վթարային դառնալ-չդառնալու մասին Քաղաքաշինության կոմիտեի գնահատականից հետո միայն՝ արգելքի ժապավենը տեղափոխեցին դեպքի փլվածքը, մարդկանց թույլատրեցին տներ բարձրանալ:
Վթարված մուտքի պատկից բնակարանների տերերը, սակայն, ճաքերի մասին ահազանգելով վախենում էին տուն գնալ: Մյուսները դանդաղում էին՝ շենքում անջատված ջրի, գազի ու հոսանքի պատճառով: Փլված 5-րդ մուտքի խողովակներն ու լարերը կոմունալ ծառայությունները վաղը կառանձնացնեն համակարգից ու նոր միայն կմիացնեն: