Միանվագ փոխհատուցում կտրամադրվի սահմանամերձ համայնքներում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին: Կառավարության նիստում հավանության արժանացավ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ ՀՀ Կառավարության առաջարկությունների հարցը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ առաջարկվել են փոխհատուցման մեխանիզմներ սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցների աշակերտներին տրամադրվող գրքերի, դասագրքերի առումով:
Տերտերյանը նշեց, որ առաջարկությունները վերաբերել են նաև փոխհատուցումներին գնդակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով կորսված կամ ոչնչացված գույքին և միանվագ դրամական փոխհատուցումներ տրամադրելուն այն քաղաքացիներին, որոնք ձեռք են բերում առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամություն:
«Առաջին կարգի հաշմանդամության պարագայում՝ 3 միլիոն, երկրորդի դեպքում՝ 2 միլիոն դրամ և 1 միլիոն՝ երրորդ կարգի հաշմանդամություն ստանալու պարագայում: Զոհված քաղաքացիների ընտանիքներին կտրամադրվի 5 միլիոն դրամ»,- ասաց Տերտերյանը: