Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը Կառավարության նիստին ներկայացրեց Տավուշի սահմանամերձ գյուղերում իրականացվող շինարարության ընթացքը:
Նրա խոսքով՝ Չինարի գյուղում ավարտվել են տան հիմքի աշխատանքները, այժմ ընթանում են նկուղի սյուների ու պատերի աշխատանքները:
«Ներքին Կարմիրաղբյուրում տեղադրվել է հավաքովի ապաստարան, որն արդեն պատրաստ էր և մնում էր հողով ծածկվի»,- ասաց Ղուլարյանը՝ նշելով, որ պուրակի կառուցման հարցը դեռևս բնակիչների ու մարզպետարանի բանակցությունների փուլում է: Պայմանավորվածություն են ձեռք բերել, որ պուրակն այնուամենայնիվ կառուցվելու է ճանապարհի եզրին գտնվող հողատարածքում, որը բնակիչը վաճառում է:
Այգեպարում էլ նախատեսվում է, որ առաջիկա երկու օրերին կսկսվի ապաստարանի կառուցումը: Որոշվել է այն տեղադրել դպրոցի բակում, քանի որ դպրոցը նկուղային հարկ ու ապաստարան չունի: