Կառավարության նիստում ընդունվեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանեց, որ նախագծերը սահմանված ժամկետում ԱԺ-ում ընդունվելու դեպքում սեպտեմբերից չի երկարաձգի կորոնավիրուսի համավարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրությունը, և հակահամաճարակային կանոնները կսահմանվեն ըստ նոր օրենքի:
Նախագծերով առաջարկվում է նախատեսել վարակիչ հիվանդությունների՝ ՀՀ տարածք ներթափանցման, ներբերման, դրա ծագման և վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարանտին սահմանելու հնարավորություն:
«Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային միավորումում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ տվյալ տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների գտնվելու վայրում և Կառավարության կողմից՝ ՀՀ ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետերում կամ համաճարակի գոտին երկու կամ ավելի մարզ ներառելու դեպքում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքերում»,- ասաց Բադասյանը:
Նախարարը ներկայացրեց, որ այն դեպքերում, երբ կարանտինը կսահմանվի մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից, հնարավոր կլինի կիրառել հետևյալ միջոցառումները՝
-
համաճարակի գոտում մուտքի և ելքի ռեժիմի սահմանում.
-
պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.
-
անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.
-
օբսերվացիա, ինքնամեկուսացում, մեկուսացում:
Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից պայմանավորված արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով, հնարավոր կլինի կիրառել նաև արդեն ավելի խիստ միջոցառումներ: Բադասյանը պարզաբանեց, որ խոսքը սահմանափակումներ կիրառելու հնարավորության մասին է, ամենևին պարտադիր չէ, որ յուրաքանչյուր դեպքում դրանք գործի դրվեն: Սահմանափակումները հետևյալն են՝
-
հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում.
-
ապրանքների փոխադրման սահմանափակումներ.
-
կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ.
-
սահմանափակումներ՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ հաստատություններում:
Բադասյանը շեշտեց, որ նախատեսված կարգավորումները համապատասխանեցվել են Սահմանադրությամբ ամրագրված սահմանափակող նորմերի պահանջներին, ինչի արդյունքում օրենքի մակարդակով ամրագրվել են սահմանափակող միջոցառումներն ու կարգը:
«Վարչական դատավարության օրենսգրքով սահմանվել է հատուկ վարույթ, որի շրջանակներում հնարավոր կլինի կարճ ժամկետներում քննել կարանտին սահմանելու դեպքում կիրառվող միջոցների իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերը: Մասնավորապես, առաջին ատյանում վարույթի ժամկետը սահմանվել է 10 օր, իսկ Վերաքննիչ ատյանում՝ 2 ամիս ժամկետ: Այս ռեժիմը արտակարգ դրության իրավական ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ, սահմանափակման իրավունքների պաշտպանության ավելի հստակ մեխանիզմներով»,- ասաց Բադասյանը: