ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, IBBY Հայաստանը, «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ դեռևս անցած տարի սեպտեմբերին հայտարարել էին մանկագիրների և նկարազարդողների մրցույթ, որի նպատակն էր խթանել մանկագրության և մանկապատանեկան գրքի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում:
Մրցույթի արդյունքներն ամփոփվել էին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում՝ հանրապետության նախագահի տիկոջ՝ մանկագիր Նունե Սարգսյանի ներկայությամբ: Բացի սահմանված մրցանակներից, որպես խրախուսանք տիկին Նունե Սարգսյանն իր կողմից «Մանկապատանեկան արձակ» և «Մանկապատանեկան գրքի նկարազարդում» անվանակարգերում սահմանել էր երկու հատուկ մրցանակ:
Օգոստոսի 26-ին նախագահական նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: «Սա շատ կարևոր նախաձեռնություն է։ Մանկական գրականությունը ինչ-որ իմաստով բոլոր գրականությունների մայրն է։ Այն սովորեցնում է կարդալ, գիրքը սիրել վաղ տարիքից։ Եթե այդ տարիքում չսովորեն ու չսիրեն գիրքը, հետո դժվար է լինելու, մանավանդ 21-րդ դարում, երբ հազար ու մի առիթ կա գիրք չկարդալու համար,- նշել է նախագահ Սարգսյանը։ - Մրցանակաբաշխությունը, լինելով առաջինը, կարծում եմ, հաջող է անցել։ Շնորհավորում եմ և՛ կազմակերպիչներին, և՛ մասնակիցներին: Վստահ եմ, որ անհրաժեշտ է ամեն կերպ քաջալերել այս նախաձեռնությունը»։
Հանրապետության նախագահի տիկոջ` Նունե Սարգսյանի հատուկ մրցանակներին են արժանացել մանկապատանեկան գրքի նկարազարդում անվանակարգում՝ Լիլիթ Ալթունյանը, մանկապատանեկան արձակ անվանակարգում՝ Աննա Ասլանյանը։
Շնորհավորելով հաղթողներին՝ տիկին Նունե Սարգսյանը մասնավորապես նշել է. «Նկատեցի, որ երկուսդ էլ աշխատում եք երեխայի երևակայության վրա։ Եթե երեխան նստի հեռուստացույցի առջև և ֆիլմ դիտի, նրա երևակայությունը չի աշխատի։ Սակայն Լիլիթի նկարազարդումները մյուս երեխաների համար խթան կլինեն նույնկերպ աշխատելու համար։ Վերջերս այնքան շատ երեխաներ են ինձ ասել, որ ուզում են գրող դառնալ կամ ցանկանում են գիրք գրել։ Օրինակները շատ կարևոր են։ Աննան ստեղծում է հեքիաթներ խաղի միջոցով: Նրա պատմության մեջ խաղեր կան, որոնք նույնպես ազդում են երեխայի երևակայության վրա։ Կրկին շնորհավորում եմ և մաղթում նորանոր հաղթանակներ ու պարգևներ»։
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը կարևորել է նման մրցույթների կազմակերպումը, քանի որ ոլորտին մոտ լինելով՝ քաջատեղյակ է ժամանակակից հայ մանկապատանեկան գրականության վիճակին, որը խրախուսման կարիք ունի, մանավանդ այն դեպքում, երբ ընթերցանության պահանջը բավականին մեծ է։ «Շատ կարևորում եմ պետության աջակցությունը, որովհետև այս ոլորտին իսկապես ուժեղ հիմք է պետք։ Այս իմաստով տիկին Նունե Սարգսյանի՝ որպես սիրված, փորձառու մանկագրի, աջակցությունն ու ներկայությունը շատ ոգևորիչ են և անպայման խթան կհանդիսանան այս նախաձեռնության հետագա զարգացման համար»,- նշել է Ռուզան Տոնոյանը։
Լիլիթ Ալթունյանը և Աննա Ասլանյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակների (համակարգիչներ) ու գնահատականի համար, նշել են, որ դրանք ոգևորող և, միաժամանակ, շատ պարտավորեցնող են՝ ավելի հետաքրքիր և ակտիվ շարունակելու ստեղծագործական գործունեությունը: