Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կառավարության նիստին արձագանքեց քննարկվող «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթին:
Թաթոյանն ասաց, որ նախագծերը կարևոր են և սպասված, դրանք վերաբերում են մարդու իրավուքներին, սակայն այն շրջանառվել է հունիսին որոշ գերատեսչություններում, բայց ՄԻՊ-ին կարծիք ստանալու համար ուղարկվել է օգոստոսի 25-ին միայն:
«Երբ ուսումնասիրում ենք այն սահմանափակումները, որոնք նախատեսվում են, պետական մարմինների լիազորություններն ու հնարավորությունները, այստեղ կան որոշակի մտահոգություններ, որոնք վերաբերում են դրանց պրակտիկ կիրառելիությանն ու համաչափությանը: Մենք ունենք նկատառումներ, որոնք վերաբերում են մեկուսացման, ինքնամեկուսացման խնդրին, վերաբերում են վիճարկման դիմումները քննարկելուն, որին, կարծում եմ՝ բավական շատ ժամկետ է տրված: Նաև սկզբունքային հարց է, որ այդպես էլ հստակ չի երևում կարանտին և արտակարգ իրավիճակ ռեժիմների հարաբերակցությունը»,- նշեց Թաթոյանը:
Վարչապետն արձագանքեց. «Ուզում եմ հասկանալ՝ էս գործիքակազմին ե՞րբ է վերջ տրվելու, երբ որ Կառավարության նիստում հնչում է, որ երեկ չի ուղարկվել կարծիքի, երեկ իրիկունն է ուղարկվել: Սա ինչքա՞ն է շարունակվելու»:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պարզաբանեց, որ իրենք չունեն նախագիծը կարծիքի ուղարկելու և շրջանառելու գործառույթ: Ըստ Աղաջանյանի՝ նախարարությունը, որ նախատեսում է նախագիծը, պարտավոր է ինքը շրջանառել այն:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ասաց, թե իրենք չեն ուղարկել նախագիծը, քանի որ մինչև վերջին պահը պարզ չի եղել, թե ո՛ր նախարարությունն է զեկուցելու Կառավարության նիստին:
«Դա ի՞նչ կապ ունի՝ նախագիծը որտե՞ղ է գրվել»,- ճշտեց վարչապետը:
«Մենք ուղարկել ենք վարչապետի աշխատակազմ, ներկայացրել ենք մեր դիտարկումները, մեր կարծիքն ենք արտահայտել, որ սա առողջապահական բնագավառի նախագիծ է, և խնդրել ենք մեզ տեղյակ պահել ընթացքի մասին: Դրանից հետո բազմաթիվ քննարկումներ են եղել, և մենք վերջում իմացել ենք, որ հարցով զեկուցող ենք լինելու»,- նշեց Բադասյանը:
«Կաֆկայի «Դղյակը» պետք է դարձնել կառավարության կանոնադրության հավելված,- հակադարձեց վարչապետը՝ հավելելով,- եկեք դադարեցնենք. կգնաք, կքննարկեք՝ մինչև ստորագրման բերելը: Մինչև բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի և ինձ գրավոր չծանուցվի, որ բոլորի հետ քննարկվել են բոլոր առաջարկները, ստորագրման չբերեք: Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ առաջարկում եմ քվեարկությամբ ընդունենք, բայց մինչև ստորագրումը պետք է բոլոր անհրաժեշտ տեղերում քննարկվի»: