Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը հսկողություն է իրականացնում ՀՀ մուտք գործած բոլոր անձանց առողջական վիճակի նկատմամբ:
Մարտից այս աշխատանքներն իրականացվում են ուժեղացված ռեժիմով` կատարելով ՀՀ մուտք գործող անձանց վիզուալ զննում, հարցում, ջերմաչափում, «Արմեդ» համակարգում տվյալների լրացում:
Պարտադիր կատարվում է սահմանային վերահսկողություն իրականացնող այլ ծառայությունների աշխատակիցների ամենօրյա ջերմաչափում:
Հիշեցնենք` սահմանափակումների մեղմացման արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան՝ համապատասխան զննություն անցնելուց հետո։ Ըստ այդմ` սահմանվել է, որ ՀՀ մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված՝ վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ։
Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն: Ընդ որում, մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով։
ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից: