Արդեն 7-րդ տարին «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնն իրական քաղաքակրթական արժեքների շուրջ համախմբում է ստեղծագործողների՝ աշխարհի տարբեր երկրներից: Այս տարի 85 երկրից ավելի քան 3000 հայտ է ներկայացվել փառատոնի ընտրական հանձնախմբին: զրափակիչ փուլ է անցել 65 ֆիլմ, որոնք ներկայացում են «Ֆրեսկոյի» առանցքային գաղափարախոսությունը՝ հումանիզմի, հայրենսիրության, խաղաղասիրության ուղերձներ մեծ էկրանից:
«Ֆրեսկոյի» մեկնարկն այս անգամ տրվեց Տավուշում, Բերդում՝ «Բերդ» պարային համույթի համերգով: Բացման հանդիսությունն ու ամբողջ համերգային ծրագիրն անցկացվեց բացօթյա՝ սոցիալական անվտանգության բոլոր կանոնների պահպանությամբ: Հուլիսյան սահմանային բախումներից հետո դեպի Տավուշ է ձգվում ազգային ստեղծագործական ներուժը:
Մշակույթի նախարարության, Մայր Աթոռի և «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող փառատոնը տարեցտարի ընդլայնում է աշխարհագրությունն ու միջազգային գործակցության սահամանգիծը:
Այժմ արդեն սկսվել է փառատոնի երևանյան փուլը: Ս.Աննա և Ս.Կաթողիկե եկեղեցիների բակում ստեղծվել է կամերային բեմահարթակը, որտեղ բացօթյա ցուցադրություններից բացի տեղի կունենան նաև Պարի պետակյան համույթի մենահամերգը, Ջիվան Գասպարյան և ընկերներ ծրագիրն ու Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակի հոբելյանական համերգը: