«Հորասիսը», որը կայուն աճի համար միասնական լուծումներ առաջ մղող համաշխարհային տեսլականների հարթակ է, այսօր հայտարարել է, որ «Հորասիս-Չինաստան 2020» համաժողովը, որը պետք է այս տարվա հոկտեմբերին տեղի ունենար Հայաստանում՝ Երևանում, կորոնավիրուսի համավարակի պատճառով, համաշխարհային ճանապարհորդական սահմանափակումներով պայմանավորված, հետաձգվել է և տեղի կունենա 2021 թ․ հոկտեմբերի 24-25-ը։
«Հորասիս-Չինաստան» համաժողովում, որի կազմակերպիչը ATOM հիմնադրամը և Արդյունաբերական տնտեսագիտության չինական համադաշնությունն են (China Federation of Industrial Economics)՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գործարար և պետական շրջանակներից ավելի քան 300 ներկայացուցչի մասնակցությամբ երկօրյա ինտենսիվ ծրագրով քննարկվելու են չինական ընկերությունների մարտահրավերները և դրանք հաջողությամբ հաղթահարելու հնարավորությունները համաշխարհային ներգրավվածության պայմաններում։ Միևնույն ժամանակ, «Հորասիս-Չինաստան» համաժողովը հարթակ է տրամադրելու Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ու արտաքին ներդրումների ռազմավարության քննարկման և զարգացման համար՝ նկատի ունենալով համագործակցության լայն հեռանկարները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։
«Քանի որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աշխարհը շարունակում է վերականգնվել և վերախմբավորվել, «Հորասիսն» իր գործընկերների հետ զգուշավոր որոշում է կայացրել՝ հետաձգելու «Հորասիս-Չինաստան» համաժողովը, որը պետք է տեղի ունենար այս տարի հոկտեմբերին, Երևանում։ Սակայն մենք մտադիր ենք վերադառնալ Երևան 2021 թ․ հոկտեմբերին՝ շարունակելու մեր առաքելությունը՝ առաջարկելու լուծումներ այն ամենակարևոր մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են ձեռնարկությունները»,- ասել է «Հորասիսի» նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերը։
2020 թ․ հոկտեմբերի 1-ին` «Հորասիսի» արտահերթ հանդիպմանը, կկազմակերպվի Հայաստանի գիտելիքահենք տնտեսության առաջխաղացմանը նվիրված հեռավար նիստ։ Այն հնարավորություն կտա քննարկելու Հայաստանի ներդրումային միջավայրն ու աճի հեռանկարները՝ ի հեճուկս կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային տնտեսական անորոշությունների։
«Հորասիսը» հյուրընկալում է ամենամյա տնտեսական գագաթնաժողովներ, որոնք մեկ հարկի տակ են հավաքում ազդեցիկ պատվիրակների, այդ թվում՝ պետությունների ղեկավարների և առաջատար կազմակերպությունների ղեկավարների՝ քննարկելու կայուն աճին միտված համատեղ մոտեցումները։ Horasis Global Meeting-ը («Հորասիսի» գլոբալ հանդիպում) վերլուծական կենտրոնի կենտրոնական միջոցառումն է, որն ամեն տարի կազմակերպվում է Պորտուգալիայի Կաշկայշ քաղաքում։ Այն կազմակերպում է նաև տարածաշրջանային գագաթնաժողովներ, այդ թվում՝ «Հորասիս-Չինաստան», «Հորասիս-Հնդկաստան», «Հորասիս-Ասիա» համաժողովները, ինչպես նաև Horasis Visionary Circle-ը, որը մեծահարուստ հասակակից ձեռնարկատերերի աշխարհում ամենավստահելի խումբն է։
«Հորասիս-Չինաստան» համաժողովը վերլուծական կենտրոնի ամենաերկարամյա գագաթնաժողովն է, որը վերջին 16 տարիների ընթացքում դարձել է Չինաստանի բիզնես առաջնորդների և նրանց համաշխարհային գործընկերների ամենամյա առաջատար հավաքը։ Այն ամեն տարի փոխում է անցկացման աշխարհագրությունը. նախկինում համաժողովն անցկացվել է Շվեյցարիայի Ժնև (2005, 2006) և Ինտերլակեն (2016), Գերմանիայի Ֆրանկֆուրտ (2007), Իսպանիայի Բարսելոնա (2008) և Վալենսիա (2011), Պորտուգալիայի Լիսաբոն (2009) և Կաշկայշ (2015), Լատվիայի Ռիգա (2012), Նիդեռլանդների Հաագա (2013), Միացյալ Թագավորության Շեֆիլդ (2017), Ուկրաինայի Կիև (2018), ԱՄՆ-ի Լաս Վեգաս (2019) քաղաքներում, Լյուքսեմբուրգում (2010)։
ATOM-ի մասին
ATOM (Advanced Tomorrow) հիմնադրամը ծրագրում և իրականացնում է կրթական, գիտական, սոցիալական, մշակութային և բարեգործական ծրագրեր և միջոցառումներ Հայաստանում և այլ երկրներում։
«Հորասիսի» մասին
«Հորասիսը» համաշխարհային տեսլականները համախմբող հարթակ է։ Այն միջազգային անկախ կազմակերպություն է, որի նպատակն է ոգեշնչելու ապագան։ «Հորասիսը» կազմակերպում է ամենամյա հանդիպումներ՝ առաջարկելու լուծումներ ամենակարևոր մարտահրավերների համար, որոնց այսօր առերեսվում են ձեռնարկությունները։ Կազմակերպության մասին ավելին իմանալու համար այցելեք www.horasis.org: