Ստենվեյի ստեղներին հանդիպելու երջանկությունը հասկանալու համար պետք է դաշնակահար լինել: Համավարակի օրերին Համբուրգից Երևան է հասել Ստենվեյ ռոյալը: Հայաստանում առաջինը փորձարկում է մաեստրո Մանսուրյանը:
Մարզահամերգային համալիրի բեմն էլ պանդեմիայի օրերին առաջին անգամ է լցվում: Հանդիսատեսը միայն լրատվամիջոցներն են՝ սոցիալական հեռավորությամբ: Երկար լռությունից հետո մարզահամերգայինում առաջին փորձերն են:
Նոր երաժշտական գործիքներով դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նոր համերգ են նախապատրաստում՝ Սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի հետ: Հոբելյանական համերգաշրջան է սպասում:
Ապա բեմից՝ Ստենվեյի Հայաստան հասնելու պատմության մասին: Մեկ տարուց ավելի է՝ սպասում էին ռոյալին, կորոնավիրուսը ձգձգեց, բայց 170 հազար եվրո արժողությամբ գործիքը կառավարության աջակցությամբ Հայաստան հասավ 116 հազար եվրոյով: Գործարանից նոր դուրս եկած ռոյալը նաև նոր տեխնոլոգիայով է՝ ձայնին խորություն է տալիս:
Պանդեմիկ փոքրիկ համերգային ծրագրում մաեստրո Մանսուրյանի Հայրեններն են ու Ֆանտազիան՝ դաշնամուրի և լարայինների համար ստեղծագործությունը՝ երիտասարդ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ:
Արդեն պլանավորած 2 համերգն էլ առցանց կլինի դեռ: Սեպտեմբերին այլ դաշնակահարներ էլ կհանդիպեն արդեն երևանյան Ստենվեյին: