Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: Ռազմավարության նպատակն է միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը, աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում՝ մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունման, ներդրման և գեներացման միջոցով:
Ռազմավարության ընդունման արդյունքում 2020-2024 թվականներին իրականացվելիք միջոցառումների թվում են՝ ձեռներեցական հմտությունների զարգացմանը և ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացների իրականացումը, որին կմասնակցեն տարեկան միջինը հազարից ավել շահառուներ: Դասընթացներն արդեն իսկ մեկնարկել են, որոնց մասնակցելու համար հայտ է ներկայացրել 591 շահառու (500-ը բավարարում են չափանիշներին):
Ներքին և արտաքին շուկաների հասանելիության բարձրացման նպատակով աջակցություն կտրամադրվի կազմակերպությունների՝ միջազգային առևտրի հարթակներում ներկայացվածության, ինչպես նաև Հայաստանում առցանց առևտրի զարգացման համար: Այս համատեքստում սահմանված թիրախներին հասնելու համար հատկապես կարևոր է նաև ռազմավարությամբ նախատեսված նորարարության և թվայնացման խթանման միջոցառումների իրականացումը:
ՓՄՁ-ներում արտահանման խթանման նպատակով առանձնացվելու են արտահանման ներուժ ունեցող կազմկերպությունները, բացահայտվելու և ուսումնասիրվելու են արտաքին շուկաներում առկա խոչընդոտները, կատարվելու է պահանջարկի վերլուծություն, որի արդյունքում էլ տրամադրվելու է թիրախային աջակցություն:
Ինստիտուցիոնալ և իրավական դաշտի ձևավորման և կատարելագործման նպատակով նախատեսվում է բարելավել ՓՄՁ վիճակագրությունը, ինչպես նաև ապահովել կրթական, վերլուծական և տեղեկատվական նյութերի առցանց հասանելիությունը՝ ձեռնարկատիրությամբ հետաքրքրվող լայն շրջանակների համար:
Ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է նպաստել ՓՄՁ-ների արտադրողականության աճին՝ 2020-2023 թվականների արտադրողականությունը բարձրացնելով 3%-ով, իսկ 2024 թվականին՝ 7.5%-ով: Մասնավորապես, ՓՄՁ-ներում մեկ զբաղվածի կողմից ստեղծված ավելացված արժեքը 2024 թվականին կկազմի 12 մլն ՀՀ դրամ, որը 2018 թվականի նույն ցուցանիշի գրեթե կրկնապատիկն է (2018 թ․ ցուցանիշը՝ 6.7 մլն ՀՀ դրամ)։
Ռազմավարությամբ սահմանված թիրախային գործողությունների արդյունքում ՓՄՁ-ներում զբաղվածների թիվը կաճի տարեկան միջինը 2.5 %-ով:
Ռազմավարությունը մշակվել է դեռևս 2019 թվականին, սակայն վերանայվել և արդիականացվել է համավարակի հետևանքները արտացոլելու և կորոնավիրուսի տարածման պատճառով առաջացած բարդությունների և մարտահրավերների հաղթահարման ուղիներ սահմանելու համար:
Համավարակի հետևանքները մեղմելու նպատակով առավել մեծ կարևորություն է տրվել սնանկության գործընթացի և երկրորդ հնարավորության մեխանիզմների բարելավմանը, ֆինանսների հասանելիության հետ կապված լրացուցիչ բարդությունների հաղթահարմանը, ՓՄՁ-ների՝ խոշոր արժեշղթաներում ներգրավման անհրաժեշտությանը: Իրականացվող գործողությունների արդյունքում ոչ միայն էապես բարելավվելու է ՓՄՁ-ների արտադրողականությունը և աճելու է զբաղվածների թիվը, այլ նաև փոխանցվող հմտությունների և բարելավված միջավայրի շնորհիվ ձեռներեցությամբ զբաղվելը կարող է դառնալ արտագնա աշխատանքի, կորցրած աշխատատեղերի և եկամուտների վերականգնման այլընտրանք: