Թումո կենտրոնը դեռ այսքան դատարկ չէր եղել: Պանդեմիայի օրերին պաշտոնապես հեռավար են աշխատում, դռները բացվել են «Լուրերի» տեսախցիկի հետ շրջելու համար: Սեպտեմբերի 22-ից դասերը կսկսվեն: Իսկ սեպտեմբերի 15-ից ուսանողները կասեն՝ առցա՞նց են ուզում դասերին մասնակցել: Ուսուցման ձևաչափը կընտրեն Թումոյում կամ կտեղեկացնեն օնլայն:
Ամեն դեպքում շենքում հաշվարկել են՝ ուսանողների մեկ երրորդին են դասի կանչելու: Տարածքը վերադասավորել են, հիմա ուսանողներն իրարից սոցիալական հեռավորությունը կպահեն: Շենքում էլ թեև պատուհաններ շատ չկան, օդափոխության համակարգն ուժեղացված է, տարածքն անընդհատ ախտահանվելու է:
Համավարակի օրերին 15 000 ուսանող ինքնուսուցման է անցել՝ 60 000 վարժանքով: Մարզերում էլ Թումոն նույն սկզբունքով է աշխատելու: Գյումրիում` նոր մասնաշենքում, իսկ Տավուշում` Թումո տուփում: Մոսկվայում էլ նորաբաց Թումոն Երևանի հետ է ծրագրերը համաձայնեցնում:
Արդեն աշխարհում բրենդ դարձող Թումոյի հայկական հասցեում նաև նորարարական նախագծերի ամենամյա մրցույթն է: Արվեստի, տեխնոլոգիաների, ինչպես նաև երաժշտության, ֆիլմերի ստեղծման և լուսանկարչության անվանակարգերում կա 3 մրցանակ` 1,5 միլիոն, 1 միլիոն և 500 հազար դրամ մրցանակային ֆոնդով: Բոլոր նորարաների համար հայտը հասանելի է մինչև սեպտեմբերի 30-ը: