Սմարթ տան մոդելի օրինակ՝ մեր կողքին: Երևանից քիչ հեռու ծրագրավորող Արմենը հեռախոսի մեկ հպումով գիտի հավերը քանի ձու են ածել, գարին քանի սանտիմետր է աճել, ինչ խոնավության է հողը: Երիտասարդ գյուտարարի նորամուծությունները ընտանիքի անդամների կյանքն ավելի են հեշտացրել, Արմենը վստահեցնում է՝ պատրաստ է իր գյուտերի փաթեթով սմարթ դարձնել բոլոր ցանկացողների կյանքն ու առօրյան:
Հավերից ստացած ՍՄՍ-ը՝ երիտասարդ տանտիրուհին անպայման է ստուգում: Երբեք չեն խաբում: Հավը չէ, հավաբունն է խելացի: Ծրագրավորող ամուսնու ստեղծագործությունն է՝ հատուկ փականներից մինչև ջեռուցում: Դուռը բացում, կերը, ջուրը տալիս են հեռակա` բջջայինով: Քիչ այն կողմ՝ մառանում, գարուց փետրավորների կանաչ կերն է աճում՝ հիդրոպոնիկ եղանակով: Դարձյալ կառավարում են հեռախոսով. մինչև լույսը չմիացնեն՝ սերմը գիտի հողում է:
Արմենը կենցաղը հեշտացնող գյուտերի մի ամբողջ փաթեթ ունի մշակած: Իր համար ամենակարևորն, ասում է, խելացի այգին է. բջջային հավելվածը՝ եղանակի, օդի ու հողի խոնավության հիման վրա ծառ կամ ջերմոց ջրող ծրագիր է: Ոռոգումը կարելի է միացնել ինչպես Երևանից, այնպես էլ ամառանոցի պատշգամբից: Եվ գործն առաջ կգնա աշխատանքի կամ հանգստի հետ միաժամանակ, ոչ թե դրանց հաշվին,- բացատրում է ծրագրավորողը:
Կառավարումը տեղի է ունենում այսպես. հողի մեջ թաղված տվիչները հուշում են, որ ծառը ծարավել է, ծրագիրը միանում, միացնում է պոմպն ու բաքերում կուտակված ջուրը կաթիլ-կաթիլ հասցնում բույսին: Նմանատիպ համակարգ հավաքելու համար պատրաստ են ֆերմերներից պատվեր վերցնել՝ հայտարարում է թիմի մարքեթոլոգը:
Ոռոգման համար, ի դեպ, օգտագործում են նաև տանիքների ամբողջ անձրևաջուրը: Այն, որ Մկրտչյանների տունը սովորականներից չէ, դեռ հեռվից է երևում: Խելացի դարպասից այս կողմ ծրագրավորողի մեքենան է` բազմաթիվ ֆունկցիաներով դարձյալ կապակցած հեռախոսի հետ:
Տան նույնիսկ աստիճաններն են սմարթ. ոտք դրեցիր՝ լեդերը միանում են, մութը չխանգարի քայլել: Այս ընտանիքում փոքրիկ գյուտարարն արդեն նաև իր մշակումների անկյունն ունի: Մինչև հիմա ինչ ստեղծել են՝ բոլոր սարքերը, սխեմաներն ու ծրագրային դետալները հավաքել են Արմենի տնային լաբորատորիայում: Ընդհուպ՝ հեղինակային իրավունք ֆիքսելը: Խելացի տնից առաջիկայում նոր մշակումներ էլ կլինեն: