Երևանի Ռայնիսի փողոցի շենքերից մեկում երեկվա պայթյունից տուժած քաղաքացիները վերակենդանացման բաժանմունքում են: 41-ամյա Էդգար Մարգարյանը ծայրահեղ ծանր վիճակում է, միացված է արհեստական շնչառության սարքին, մյուս տուժածի՝ Սվետլանա Սահակյանի վիճակը վերահսկելի է:
Արեն Բաբլումյան (1-ին համալսարանական հիվանդանոցի տնօրեն) - Կինը գտնվում է միջին ծանրության վիճակում՝ հաշվի առնելով տարած կոտրվածքները, կայուն վիճակում է: Ասեմ, որ որևէ բարդացում չենք ունեցել:
Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ 41-ամյա տղամարդու մարմնին ամբողջությամբ այրվածքներ են: Մեկ այլ հիվանդանոցից հրավիրել են մասնագետ-այրվածքաբան: Մյուս քաղաքացին բարեբախտաբար այրվածքներ չունի:
Արեն Բաբլումյան (1-ին համալսարանական հիվանդանոցի տնօրեն) - Չունի որևիցե այրվածքներ, ունի միայն տրավմատիկ բնույթի խնդիրներ, իսկ տղամարդու մոտ հիմնական խնդիրները, որ կան, կապված են այրվածքի հետ, հավանաբար, գազի արտահոսքի և հրդեհի, որը տեղի է ունեցել:
Փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները Ռայնիսի այս բակում արդեն երկրորդ օրն է՝ հերթապահում են: Մի քանի մետր այն կողմ քննիչները հարցաքննում են բնակիչներին, մասնագետներն էլ ուսումնասիրում են պայթյունի պատճառները:
Երեկ վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունը քառահարկ պանելային շենքում էր: Փլատակների տակից դուրս է բերվել 19 մարդ: 45-ամյա տղամարդուն փլատակների տակ գտել են մահացած: ԱԻՆ-ի նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է: