Վարչապետը քաղաքացիներին հորդորում է հատուկ ուշադրություն սևեռել բնական գազի շահագործման անվտանգության կանոններին: Գազի պայթյունից ավերվեց շենքի մի ամբողջ շքամուտք, և Հայաստանում արդեն նման դեպքերի շարք է արձանագրվում` շեշտեց Փաշինյանը: Հարուցվել է քրեական գործ, դեպքի մանրամասները կպարզվեն:
Մինչ այդ աշխատանքներ են տարվում բնակարանից զրկված ու տարհանված քաղաքացիներին կացարաններով ապահովելու ուղղությամբ: Բնակարանի խնդիր ոչ ոք չի ունենա` Կառավարության նիստի մեկնարկին դեպքի ժամանակ զոհված քաղաքացու հարազատներին ցավակցելուց հետո վստահեցրեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Բնակարանից զրկված բոլոր քաղաքացիներն ապահովված են ժամանակավոր կեցավայրով, ովքեր շահագրգռված են, առաջարկվել է մեկ շաբաթ անցկացնել հյուրանոցում, ոմանք բարեկամների բնակավայրերում... հարցը քաղաքապետարանի և կառավարության օրակարգում է և առաջիկայում կկողմնորոշվենք:
Համաճարակային իրավիճակի մասին: Նախորդ օրերի համեմատ երեկվա ցուցանիշները մի փոքր ավելի վատ են: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց. համավարակի տարածումը կանխելու հարցում կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու անձնական պատասխանատվությունը: Արդեն 6 օր կորոնավիրուսով վարակման դեպքերը 200-ից պակաս էին, երեկվա ցուցանիշը՝ 203 նոր դեպք՝ կատարված 1940 թեստից:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ուզում եմ կոչ անել, խնդրել, որպեսզի մաքսիմալ նախանձախնդիր լինենք հակահամաճարակային կանոների պահպանման հարցում, մանավանդ որ մենք այդ կանոնների որոշակի թուլացում ենք ունեցել:
Եթե COVID-19-ով վարակման դեպքերի նվազման միտում նկատվի, սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը երկարաձգելու կարիք չի լինի` հայտարարեց արդարադատության նախարարը: Ռուստամ Բադասյանն օրենսդրական փոփոխությունների փաթեթով էր եկել կառավարություն, որով հնարավորություն կստեղծվի բռնկումների դեպքում կարանտին սահմանել, նույնիսկ երբ երկրում արտակարգ դրություն չի հայտարարված: Կախված վիրուսի տարածվածության աստիճանից` կարանտինը կսահմանեն մարզպետը, Երևանի քաղաքապետը կամ կառավարությունը:
Ռուստամ Բադասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Մասնավորապես այն դեպքերում, երբ կարանտինը կսահմանվի Երևանի քաղաքապետի կամ մարզպետի կողմից, հնարավոր կլինի կիրառել հետևյալ միջոցառումները. համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժվելու և իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ, ինքնամեկուսացում, մեկուսացում:
Եթե կարանտին սահմանի կառավարությունը, ավելի խիստ միջոցառումներ հնարավոր կլինի կիրառել, օրինակ՝ արգելել հավաքները, սահմանափակել կրթական ու այլ հաստատությունների գործունեությունը:
Գործադիրը հաստատեց նաև Կապսի ջրամբարը կառուցելու և Ջրաձոր համայնքն ամբողջությամբ վերաբնակեցնելու մասին ծրագիրը:
Խոսքը վերաբերում է Շիրակի մարզում՝ Գյումրիից հյուսիս՝ 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում նախատեսված դեռևս 1985 թվականից կառուցվելիք Կապսի ջրամբարին, որի նպատակը պիտի լիներ 30 հազար հա հողերի ոռոգման ապահովումը: Երկրաշարժը բերեց նրան, որ 1993 թվականին այդ շինարարությունը կանգնեց:
Ծրագրի արդյունքում առաջին փուլով նախատեսվում է 25 մլն խորանարդ մետր ծավալով ջրամբարի կառուցում, երկրորդ փուլով՝ մինչև 60 մլն խորանարդ մետր: Ջրաձոր համայնքի տները ջրամբարի կառուցումից հետո հայտնվելու են ջրածածկ հատվածում: Դա է պատճառը, որ ամբողջ համայնքը վերաբնակեցվելու է: Երրորդ հանրապետության պատմության մեջ Հայաստանում առաջին անգամ զրոյից նոր գյուղ կկառուցվի՝ շեշտեց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ ծրագիրը նաև մասնավոր ներդրումների նոր հարթակ է ստեղծելու:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ջրամբարից ջրի տեղափոխման գործընթացում մենք տեսնում ենք հնարավորություն՝ մասնավորի հետ համագործակցության և այդ տեղափոխման ուղիների վրա էլեկտրական էներգիայի արտադրության հզորությունների տեղակայման, որը էականորեն կնվազեցնի ջրի տեղափոխման հնարավոր ինքնարժեքը:
21-րդ դարի նոր՝ հայկական գյուղի նախագիծը կառավրությանը կներկայացվի 10 ամսվա ընթացքում:
Դրանից հետո էլ անմիջապես մրցույթ կհայտարարվի: