Առաջին դասարանցիներն ուսումնական տարին կսկսեն սեպտեմբերի 14-ին, բոլոր մյուս աշակերտների համար ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծում է՝ մինչև ուսումնական գործընթացի սկիզբը կիրականացվեն լուրջ նախապատրաստական աշխատանքներ՝ աշխատակիցների վերապատրաստման, անվտանգության, պաշտպանիչ և ախտահանման միջոցների ապահովման ուղղությամբ: Նախարարությունն արդեն հավաքագրել է դպրոցների ֆինանսական հնարավորությունների մասին անհարժեշտ տեղեկատվությունը։
Կախված համաճարակային իրավիճակից` նախարարությունը դիտարկել և մշակել է ուսումնական գործընթացի 3 հնարավոր սցենար՝ պարտադրված ամբողջական հեռավար ուսուցում, հիբրիդային տարբերակ, երբ առկա ուսուցում կստանան միայն տարրական դասարանները, իսկ ավագները՝ հեռավարև լիովին առկա ուսուցում, եթե թույլ տա իրավիճակը: Դպրոցներն ամեն օր կախտահանվեն, երկհերթ ուսուցման դեպքում՝ երկու անգամ: Փակ տարածքներում դիմակների կրման վերաբերյալ հավելյալ կարգավորում չի գործում և ոլորտի պատասխանատուներն այս հարցում հանրային համերաշխություն են ակնկալում:
Քրոնիկ խնդիրներ ունեցող երեխաները բժշկի ցուցումով կմասնակցեն հեռավար դասերի: Ռիսկի խմբում գտնվող ուսուցիչները ևս կունենան ընտրության հնարավորություն: Ինտենսիվ շփումները կանխելու համար կօգտագործվեն դպրոցների հնարավոր բոլոր մուտքերը։ Արտակարգ դրության ընթացքում նախարարությունը տարբեր ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու, թե ինչ որակական փոփոխություններ է կրել կրթական համակարգը: Այն դպրոցները, որտեղ դեպքերը կլինեն 10% և ավելի, որոշակի ժամանակով կդադարեցնեն ուսուցումը: