ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն անդրադարձել է Խաշթառակում օրերս տեղի ունեցած միջադեպին` տեղեկացնելով, որ այս թեմայով հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ:
«Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հեռախոսազրույցում վերջինս փաստեց, որ ծառայողական քննություն է նշանակվել Խաշթառակ համայնքում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար:
Մարզպետը հավաստիացրեց, որ բազմազավակ ընտանիքը գտնվել է համայնքի և մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում որպես սոցիալապես անապահով ընտանիք և պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստացել: Ընտանիքին աջակցություն են տրամադրել նաև մարզում գործող հասարակական կազմակերպությունները:
Պարոն Չոբանյանի խոսքով` ընտանիքում բռնության դեպքերի մասին որևէ տեղեկություն կամ ահազանգ նախկինում չի գրանցվել:
Երեխաներին չբաժանելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բոլոր հինգ երեխաների խնամքը կիրականացնի նույն հաստատությունում:
Այս պահին քննարկվում է նաև ընտանիքի` հաշմանդամություն ունեցող մյուս անդամներին համապատասխան աջակցություն, այդ թվում շուրջօրյա խնամք տրամադրելու հարցը»,- հայտնել է նախարարը: