Արվեստի դպրոցի նորանշանակ տնօրենի՝ տղամարդ լին՛լը չէ, որ անհանգստացնում է ուսուցիչներին: Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Փոքր Վեդիի արվեստի դպրոցի կոլեկտիվը հիմնականում կանանցից է բաղկացած, նրանց ամուսիններն էլ դեմ են, որ տղամարդ տնօրինի իրենց կանանց, ժամերով նստի, հետները քննարկում անի: Նման բան չկա, պնդում են նոր տնօրենին բոյկոտող ուսուցչուհիները: Գործադուլ են հայտարարում, որովհետև, կարծում են, որ նա պրոֆեսիոնալ չէ, ասում են՝ երաժշտությունից չի հասկանում:
Երաժշտական գիտելիքներով գուցե զիջում է, բայց անուն-ազգանունն է խիստ երաժշտական՝ Արամ Խաչատրյան: Հնչեղ, երաժշտական անուններով, սակայն, դժգոհ կոլեկտիվին չես զարմացնի, դրա պակասն այս դպրոցում չկա: Կատակը՝ կատակ, բայց դպրոցի կոլեկտիվը պառակտած այս պատմությունը որոշ ուսուցիչների բոլորովին չի անհանգստացնում: Մեր ի՞նչ գործն է, թե տնօրենն ով է,- ասում են: Բայց վերապահում ունեն «մասնագիտական կրթություն» եզրույթի հետ կապված:
19 հոգուց բաղկացած կոլեկտիվից 13-ը դեմ է նոր տնօրենին: Համենայն դեպս, արդեն մեկ շաբաթ բողոքող ուսուցիչներն են այդպես ասում: Մեր նկարահանման պահին բողոքողները 7-ն էին, ասացին՝ մնացածները հարգելի պատճառով են բացակայում: Իրենց բողոքը հիմնավորում են նաև նորանշանակ տնօրենի նախկին գործունեությամբ:
Հենց նրբությունները հաշվի առնելով եմ երեք դիմումատուից Արամ խաչատրյանին ընտրել,- բացատրում է համայնքի ղեկավարը: Արվեստի դպրոցի տնօրենին բոյկոտող ուսուցիչներին աջակցում են նաև Վեդիի ավագանու 7 անդամից 4-ը:
Քանի դեռ գյուղում նոր տնօրենի շուրջ աղմուկ ու տարաձայնություններ են, երաժշտության հետ կապ չունեցող, բայց աշխարհահռչակ երաժշտի անուն-ազգանուն ունեցող Արամ Խաչատրյանը մայրաքաղաքում իր նոր կոլեկտիվի աշխատավարձերի հարցով այս ու այն կողմ է վազվզում: Մաթեմատիկական կրթությամբ նոր ղեկավարն օրվա վերջում, գործերն ավարտելուց հետո, հեռուստատեսություն եկավ՝ խառը պատմությանը վերջակետ դնելու համար: