Ինձ համար տարօրինակ են բոլոր այն պնդումները, թե երեխաներին փորձադաշտ ենք բերել: Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` համապետական ծնողական ժողովի ընթացքում:
«Բոլոր երեխաներն էլ դպրոց պետք է գնան, և ես չեմ պատկերացնում, թե ինչ մտքի տեր մարդ պիտի լինի, որ նման հայտարարություններով հանդես գա և ասի, որ երեխաների վրա փորձեր ենք անում: Մենք ուզում ենք ապահովել մեր երեխաների իրավունքների պաշտպանությունը` կյանքի, առողջության, բայց նաև կրթության առումով և մենք թույլ չենք տա որևէ շահարկում այս առումով: Լինելու ենք խիստ հետևողական, կանոնների պահպանմամբ ընդմիշտ հրաժեշտ կտանք կորոնավիրուսին»,- ասաց նախարարը և ծնողներին խնդրեց համագործակցել ուսուցիչների հետ, պահպանել անվտանգության բոլոր կանոնները:
Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ սեպտեմբերի 14-ին դպրոց կգնան առաջին դասարանցիները:
«Պետք է խնդրենք, որ հարզատներից մեկ հոգի երեխային ուղեկցի դպրոց` կուտակումներից խուսափելու համար: Դպրոցների ներսում կապահովենք բոլոր կանոնները: Ընդմիջումներ կլինեն, սակայն դասասենյակներում: Սա կսահմանափակի կորոնավիրուսի տարածումը մյուս երեխաների շրջանակում: Այո, սա «պատերազմական անսովոր իրավիճակ է», և մենք այդ իրավիճակում պետք է միջոցներ ձեռնարկենք»,- նշեց նախարարը: