Այսօր առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4-հարկանի շենքում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախնական վարկածով` պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։
Նախնական տվյալներով` փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի, որից երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։
Առավոտյան այցելել եմ դեպքի վայր և տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- գրել է վարչապետը: