Ռայնիսի 3 հասցեում պայթյունի պատճառով տեղի ունեցած փլուզման հետևանքով կա մեկ զոհ՝ տեղեկացնում է ԱԻՆ-ը:
«Ժամը 13։01-ին փրկարարները փլատակների տակից դուրս են բերել, նախնական տվյալներով, Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, որ մահացածը 56-ամյա Արթուր Ղազարյանն է: «Հավանաբար քնած է եղել, որովհետև մահճակալի մասերը քանդեցին, նոր կարողացան նրան գտնել»,- ասել է նախարարը:
Ինչ վերաբերում է շենքին, ըստ Ցոլակյանի, նախնական տեղեկություններով՝ շենքի 1-ին, 2-րդ և 3-րդ մուտքերն ապահով են, 4-րդ մուտքի հետ կապված կան կասկածներ, իսկ 5-րդ մուտքը փլուզվածն է: Պայթյունի պատճառների մասին Ցոլակյանը դժվարացել է նշել, միայն ասել է, որ կասկածում են՝ գազի արտահոսքը եղել է երկրորդ հարկի բնակարաններից մեկում: «Ամբողջ շենքը տարհանված է այս պահին, որոշում կկայացվի՝ ովքեր պետք է վերադառնան, իսկ ովքեր զրկվել են բնակարանից, նրանց կացության հարցը կորոշվի այսօրվա մեջ: Որևէ մեկը դուրսը չի մնա»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Փրկարարների կողմից իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։ Ըստ նախնական տվյալների՝ փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր: