Մոսկվայում տեղի ունեցած ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ ասուլիսում Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման և հակամարտող կողմերի բանակցային գործընթացի վերսկսման հարցին, նշել է, որ ԵԱՀԿ ձևաչափը հարցի լուծման միակ տարբերակն է: Տարիների ընթացքում ՄԽ համանախագահների և հակամարտող կողմերի հետ համատեղ մեծ աշխատանք է կատարվել, ստեղծվել են հարցի կարգավորման տարբեր մոտեցումներ պարունակող փաստաթղթեր: Փորձերը՝ փոխել բանակցային ձևաչափը, անընդունելի են,- նշել է ՌԴ արտգործնախարարը:
Սերգեյ Լավրովը նաև տեղեկացրել է, որ ՄԽ համանախագահները ծրագրում էին տարածաշրջան այցելել սեպտեմբերին, նախատեսվում էր նաև, համանախագահների միջնորդությամբ, կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է բացառել կողմերի բախումները սահմանագծում: Բանակցությունների համար ստեղծել նպաստավոր պայմաններ: