Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով` ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Մյուս տուժածը տղամարդ է, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրված է հայտարարությունում:
Ավելի ուշ մանրամասներ է ներկայացրել նաև ԱԻ նախարարությունը՝ հայտնելով. «Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր: Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ»։