Քառահարկ շենքի մեկ մուտքը քարերի կույտի վերածած պայթյունն, ըստ նախնական վարկածի, գազի արտահոսքից է եղել: Գազի սպասարկում իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ սերվիս» ընկերության գլխավոր տնօրենը, սակայն, այս վարկածը քիչ հավանական է համարում: Նախ վստահեցնում է, որ այդ շենքի տարածքում չկան ստորգետնյա գազատարեր, իսկ կառույցի այդ հատվածի գազիֆիկացման խողովակներն արտաքին պատով են անցկացված եղել:
Արման Նալբանդյան, «ԷՅ-Ի-ՋԻ սերվիս» ՍՊԸ գլխավոր տնօրեն - Տվյալ շենքի ներտնային ստուգումն իրականացվել է հուլիս ամսին, որի ժամանակ տվյալ հատվածը, որ փլուզվել է, առաջին հարկում գազազրկված է երկարաժամկետ, գազ օգտագործել էին երեք հարկի բնակիչները, որտեղ ոչ մի խախտում չի հայտնաբերվել, ապօրինություններ չեն եղել, ձայնազդանշանային համակարգի անսարքություններ չեն եղել:
Գազի արտահոսքից պայթյուն է առաջանում այն դեպքում, երբ սենյակում կուտակվում է 5-ից 15 տոկոս բնական գազ՝ պարզաբանում է Արման Նալբանդյանը: Սակայն կասկածելի է համարում, որ օգոստոսի տապին որևէ մեկը բաց չի թողնի սենյակի պատուհանի գոնե վերնափեղկը:
Արման Նալբանդյան, «ԷՅ-Ի-ՋԻ սերվիս» ՍՊԸ գլխավոր տնօրեն - Կուտակման դեպքում, ենթադրենք, ձայնազդանշանային սարքը եթե միացված լիներ էլեկտրական սնուցումից, ապա անպայման իմպուլս կտար ավտոմատ անջատիչ կափույրին և կփակեր գազի հոսքը դեպի բնակարան:
Արման Նալբանդյանի խոսքով` սարքավորումներից որևէ մեկից աննշան գազի արտահոսքի դեպքում երբևէ նման կուտակումներ չեն լինում, բանն էլ պայթյունի չի հասնում:
Արման Նալբանդյան, «ԷՅ-Ի-ՋԻ սերվիս» ՍՊԸ գլխավոր տնօրեն - Դրա համար չեմ բացառում ինչպես բաժանորդի անփութությունը՝ գազասարքերից օգտվելու անվտանգության պահպանման առումով, նաև դիտարկում եմ՝ դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, դիտավորությունը:
Ձայնազդանշանային առաջին սարքերը սկսեցին տեղադրել 12 տարի առաջ: Վերջին տասնամյակի տվյալներն ամփոփելով` ընկերության տնօրենը նշում է, որ նախկին 30 տոկոս բաժանորդների փոխարեն արդեն մոտ 70-ը մշտական միացրած են պահում ձայնային սարքը: ԱԻՆ-ն էլ վերջին 2 տարվա պայթյունների վիճակագրությունն է ամփոփում:
Արսեն Սարոյան, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխերի բաժնի պետ - ՀՀ-ում 2018 թվականին գրանցվել է 25 պայթյունի դեպք, որից 14-ը` բնակելի հատվածում և այդ 25 դեպքերը` գազի հետևանքով: Անցյալ տարի ունեցել ենք 3 զոհ, 4 վիրավոր: Այս տարի ունեցել ենք պայթյունի 18 դեպք, որից 8-ը եղել է տարբեր շենք-շինություններում և 18-ից 6-ը եղել է գազի հետևանքով գրանցված պայթյուններ:
ԱԻՆ աշխատակիցը ևս փաստում է, պայթյունների մեծ մասը կապված է մարդկային գործոնի հետ: «ԷՅ-Ի-ՋԻ սերվիս» ընկերության գլխավոր տնօրենն էլ հորդորում է՝ չտեղադրել ապօրինի սարքեր և պարտադիր միացրած պահել ձայնազդանշանային համակարգը: