Պարետի որոշումները տնտեսվարողներն սկսել են պարտաճանաչ կատարել: Սննդի անվտանգության տեսչական մարմնում արձանագրել են՝ խախտումների դինամիկան նվազել է: Թեպետ ռեստորանային այս համալիրում առաջին խախտումն է գրանցվում, բայց համալիրի աշխատանքը կասեցվում է 48 ժամով՝ կրկնակի խախտման համար:
Հայկ Մայիլյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - Այստեղ եղել է և շաբաթ օրը և կիրակի օրը հարսանիք, ստացվում է` երկու խախտում է արձանագրվել:
Հարսանիքներ, խնջույքներ, իհարկե, թույլատրվում են, սակայն ոչ պարետի որոշումների շրջանցմամբ: Շաբաթ և կիրակի օրերի հարսանիքները գերազանցել են պարետի որոշման մասնակիցների թիվը:
Հայկ Մայիլյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - Այստեղ տեղի է ունեցել 110-120 հոգանոց հարսանիք, մյուս սրահում` 70 հոգանոց միջոցառում:
Մեկ սեղանին ութից ավելի մարդ: Խախտվել է նաև մեկուկես մետր հեռավորությունը, ջերմաչափումն էլ գրանցամատյանում թերի են լրացրել:
Մայրաքաղաքի տրանսպորտային ցանցում ու այլ հասարակական օբյեկտներում ստուգումներ են իրականացրել նաև քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինների աշխատակիցները:
24 ժամով կասեցվել են նաև «Երևան Սիթի» Ջրվեժի մասնաճյուղի և «Առնադո» ընկերության Կոմիտասի մարզասրահի գործունեությունը: Մարզասարքերի միջև չի պահպանվել սահմանված հեռավորությունը, յուրաքանչյուր մարզասարքի մոտ չեն եղել ախտահանման նյութեր: «Երևան Սիթիի» աշխատողներն ու հաճախորդներն առանց դիմակի են եղել: