ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը համապետական ծնողական ժողովի ընթացքում ևս մեկ անգամ կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները:
«Կանոնները պահելով՝ 90 և ավել տոկոսով կանխարգելում ենք վիրուսի տարածումը: Մեզ սա պետք չէ՞: Մեզ պետք է, որ վիրուսը չտարածվի, և մենք նորմալ կրթական գործընթաց իրականացնենք»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով քննարկումներին, թե երեխաները դպրոցում երկար չեն կարող դիմակ կրել:
«Մենք սա, իհարկե, հաշվի ենք առել և դասացուցակն այնպես ենք կազմել, որ երեխաները համեմատած նախորդ ուստարվա հետ, կարճ են մնալու դպրոցում: Տարրական դպրոցում դա մինչև 3 ժամ է, միջին դպրոցում՝ 3-4 ժամ, և ավագ դպրոցում՝ մինչև 5 ժամ: 5 ժամ՝ նկատի ունեմ 60-րոպեանոց ժամ, այլ ոչ թե դաս: Մենք այնպես ենք անելու, որ դիմակի կրումը երկար չլինի»,- տեղեկացրեց Արայիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ իրենք ուսումնասիրել են ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ցուցումները դպրոցները բացելիս:
Ըստ այդ ցուցումների 0-6 տարեկան երեխաների համար դիմակ կրելը չի խրախուսվում, 6-11 տ. երեխաների համար որոշակի պայմաններ են առաջ քաշվում:
«Ըստ իրավիճակի՝ պարտադրվում է 12-ից բարձր տարիքի երեխաների դիմակ կրելը: Հիմա մենք հետևում ենք իրավիճակին, առաջարկներ ենք անում կանոնների փոփոխման հետ, և ծնողներին պետք է ասեմ, որ լարված իրավիճակին զուգահեռ՝ թուլանալու են կանոնները: Կարող է ստացվել այնպես, որ ամեն շաբաթ նոր ուղեցույց հրապարակվի, և թուլացվեն կանոնները»,- հավելեց նախարարը:
«Սիրելի՛ ծնողներ, ուսուցիչներ, քովիդն ամբողջ աշխարհում է: Եվ սա չարիք է ամբողջ աշխարհի համար, պատերազմ է ամբողջ աշխարհում, և մեզ համար շատ տարօրինակ է որոշ մարդկանց, այդ թվում՝ ծնողների քամահրական վերաբերմունքը կանոններին: Դա նույնն է, որ պատերազմի ժամանակ զենքերի ընտրության, մարտավարության քննարկում լինի պատերազմի թեժ պահին: Հիմա այս քամահրական վերաբերմունքը կարող է լրջագույն քննարկումներ ստեղծել դպրոցներում:
Դուք ձեր վերաբերմունքով կարող եք ստեղծել մի իրավիճակ, երբ թվերը նորից սկսեն աճել, ինչը պետության պարտավորությունն է՝ թույլ չտալ, և մենք դա թույլ չենք տալու:
«Միասին առաջ ենք գնալու, հաղթահարելու ենք համավարակը և միաժամանակ ախպահովելու ենք երեխաների կրթական իրավունքն ու կրթության շարունակականությունը: Դա պետք է միասին անել: Փորձենք մեկս մյուսին օգնել ու առաջ գնալ»,- ասաց նախարարը: Նա կոչ արեց ծնողներին՝ համագործակցել ուսուցիչների հետ: