ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նիստ էր գումարել, որի օրակարգում մեկ հարց էր՝ ԱԺ պատգամավորին մանդատ տրամադրելու մասին արձանագրության կազմում:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Մանե Թանդիլյանին հաջորդող ամենից բարձր քվեներ ստացած անձը Ստեփան Ստեփանյանն է: Հենց նրան էլ կտրվի մանդատը:
«Թիվ 4 ընտրատարածքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության հերթական հաջորդ՝ առավելագույն ձայներ ստացած թեկնածուն Ստեփան Սամվելի Ստեփանյանն է: Սույնով պայմանավորված՝ ԿԸՀ-ին է առաջարկվում արձանագրություն, ըստ որի՝ հիմք ընդունելով ԱԺ նախագահի 2020 թ. օգոստոսի 21-ի ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին համար 6 արձանագրությունը և ղեկավարվելով ՀՀ ԸՕ ՀՀ սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի երրորդ մասով, ԿԸՀ-ն արձանագրում է.
ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 տարածքային ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է Ստեփան Ստեփանյանին»,- ասաց Սմբատյանը:
Արձանագրությունը կուղարկվի խորհրդարան: