ՀՀ Վարչապետի աշխատակազմը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ Քովիդ-19-ից պաշտպանվելու վերաբերյալ իրազեկման միջոցառումների շրջանակներում հանդես են գալիս նոր ձևաչափով՝ համագործակցելով Yandex Go (նախկին` Yandex.Taxi) ծառայության հետ։
Օգոստոսի 26-ից Բրազիալիայի հրապարակում («Դալմա Գարդեն մոլի» և «Հրազդան» մարզադաշտի միջակայքում) կգործի անվճար ախտահանման կետ՝ Yandex GO ծառայության գործընկերների համար, իսկ հարևանությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կտեղադրվի տեղեկատվական տաղավար, որտեղ կամավորները իրազեկում կիրականացնեն վարորդների շրջանում։
Տաղավարները գործելու են երկուշաբթիից շաբաթ՝ ժամը 07:00-ից 17:00-ը: Yandex Go ծառայության համակարգում գրանցված մեքենաները կարող են մոտենալ և ախտահանվել սերտիֆիկացված բարձրակարգ նյութերով։ Ախտահանման գործընթացը բաղկացած է երեք փուլից և տևում է 7-10 րոպե։ Yandex Go ծառայության վարորդներին պարզապես անհրաժեշտ է մոտենալ տաղավարի մոտ կանգնած աշխատակցին, որը կստուգի վարորդի՝ ծառայության տեղեկատվական համակարգում գրանցված լինելը։ Այդ ընթացքում ՀԿԽԸ կամավորների կողմից վարորդներին կտրամադրվեն տեղեկատվական թերթիկներ, դիմակներ և ալկոգել՝ մեքենայում տեղադրելու համար՝ ուղևորներին հնարավորություն տալով կարիքի դեպքում օգտվելու նշված նյութերից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ս․թ․ հունիս-հուլիս ամիսներին համատեղ իրականացրել են Քովիդ-19 համավարակի կանխարգելմանն ուղղված տարբեր ձևաչափերով իրազեկման միջոցառումների շարք․
-
հունիսի 15-ից բակերում և հանրային տրանսպորտում ՀԿԽԸ կամավորները բաժանել են իրազեկման թերթիկներ՝ բնակչությանը կրկին հիշեցնելով դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու, Քովիդ-19 վարակից պաշտպանվելու կանոնները պահպանելու կարևորության մասին։ Անհրաժեշտության դեպքում տրամադրվում էին նաև դիմակ, ձեռնոց և ախտահանիչ նյութեր։
-
Հուլիսի 3-19-ը Երևանում և մարզերում գործող 48 տեղեկատվական տաղավարներում Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները հանրությանն իրազեկել են Քովիդ-19 վարակից պաշտպանվելու վարքականոնների մասին և անհրաժեշտության դեպքում տրամադրել են դիմակ, ձեռնոց և ախտահանիչ նյութեր։
-
Հուլիսի 20-ից Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության փաթեթների հետ շահառուներին տրվում են նաև դիմակներ։
Մարտի 16-ից ՀԿԽԸ կողմից հավաքված և պատրաստված շուրջ 1500 կամավորները պարբերաբար Հայաստանի քաղաքային և գյուղական համայնքներում տարածել են տեղեկատվական թերթիկներ և բնակչության շրջանում իրականացրել իրազեկման աշխատանքներ։ Վարակից պաշտպանվելու վերաբերյալ իրազեկող թերթիկները շահառուներին են տրամադրվում նաև մարդասիրական օգնության փաթեթի հետ:
Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում՝ կորոնավիրուսից տուժած Yandex Go ծառայության վարորդներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը։ Ծառայությունը պարբերաբար իրականացնում է անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տեղեկատվական ու տեխնոլոգիական միջոցառումներ, որոնք հասանելի են Yandex Go հավելվածի մի շարք ֆունկցիոնալ կոճակների մեջ։