11-20 սմ-անոց ամեն խողովակում այս ռոբոտը փնտրում, գտնում է բոլոր խնդիրները: «Ինվեստիգեյթորը» խողովակի անսարքությունը նկարում է որակյալ վիդեո-տարբերակով. «ախտորոշումն» էլ կարելի է տեսնել, երբ վերադառնա: Իր նկարած վիդեոտարբերակը կարող է ուղարկել նույն պահին՝ եթե ձեռքի տակ վայ-ֆային միացրած հեռախոս կամ համակարգիչ կա:
«Էս էֆ այ» ընկերության տղաների ստեղծած ռոբոտի լաբորատոր նախատիպը ջրակայուն չէր, համավարակի օրերին տանը նստելու փոխարեն թիմով աշխատել են, որ շուտով կարողանան ջրի մեջ էլ փորձարկել: Ասում են՝ երբ խողովակները վնասվում են, սովորաբար, ամբողջ տարածքն են քանդում անսարքությունն ուղղելու համար, իսկ տղաներն առաջարկում են այն քանդելու փոխարեն օդում, ջրում ու ցամաքում գտնել խողովակի խնդիրն ու վերացնել՝ առանց հավելյալ ծախսերի:
Անձրևաջրերից մինչև գազատար, նավթատար, ջրատար, կոյուղու, օդատար խողովակաշարերի խցանումը գտնող երիտասարդ ինժեներներների նորարարական գաղափարը Հայաստանում առաջինն է, աշխարհում՝ ամենամատչելիներից: Հենց դրա համար Ռուսաստանում, Իսպանիայում ստարտափերների մրցույթների առաջին շարքերում է եղել: Այս տարի նաև Բարձր տեխնոարդյունաբերության նախարարության՝ Գաղափարից բիզնես ծրագրի 2.5 միլիոն դրամ դրամաշնորհի 7 հաղթողից են:
Այսպիսի գաղափարներին էլի կաջակցեն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման պետական աջակցության 17-րդ ծրագրով: «Ինվեստիգեյթորն» էլ շուտով կմրցի համալսարանական ստարտափների համաշխարհային առաջնությանը: Մեր ռոբոտը հոկտեմբերին Չինաստանում սպասվող մրցույթի եզրափակիչում է: Առաջին անգամ Միացյալ Նահանգներից մինչև Նիդեռլանդների երիտասարդ նորարարների կողքին կհնչի Հայաստան անունը, ու մերոնք վստահ են՝ մեքենայացված ինքնագնաց ռոբոտը աշխարհին դեռ կզարմացնի: