Առողջապահության նախարարության մեր գործընկերները թեստավորման գործընթացի մասով համապատասխան գրություններ են ուղարկել մարզպետարաններ և գործընթացն իրականացնելու են պոլիկլինիկաների միջոցով: Այս մասին համապետական ծնողական ժողովի ընթացքում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Թեստավորման գործընթացը որևէ կերպ ֆինանսական ծախս չի ենթադրում դպրոցների կամ ուսուցիչների համար և կազմակերպվում է Առողջապահության նախարարության կողմից: Արդեն իսկ կազմավորել են համապատասխան ժամանակացույց և այդ գործընթացը պետք է իրականացնեն մինչև ուսումնական տարվա մեկնարկը:
Սա կարևոր է, որովհետև մենք փաստացի կկարողանանք բացառել այն պոտենցիալ ուսուցիչների և աշխատակցիների մուտքը դպրոց, որոնք այս պահին գուցե վարակված են: Հենց սկզբից կկարողանանք ապահովել կրթության գործընթացի անխափան ընթացքը: Հետագայում կունենանք թեստավորման որոշակի քաղաքականություն ուսումնական տարվա ընթացքում, ԱՆ մեր գործընկերները նաև սրա շուրջ են աշխատում»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նա հավելեց, որ ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված խորհրդակցությունները շարունակվում են, որպեսզի որևէ բաց հարց չմնա: Ստանում են շատ առաջարկներ, որոնցից արժեքավորները հաշվի կառնվեն լրամշակումներում: