23 տարվա պատմություն ունեցող 28-րդ երթուղին այսօր փակման եզրին է: Գծատերն ասում է՝ 25 մեքենա ունի. չի պատկերացնում՝ մի քանի վարորդով սեպտեմբերից ինչպե՞ս է ապահովելու ուսանողների երթևեկությունը: Հիմա ստիպված է գանձել միչև համաճարակը եղած օրավարձը, որովհետև այլ տարբերակ չունի: Պիտի ծախսերը հանի, հետն էլ մեքենաները վերանորոգի:
Վլադիկ Աբրահամյան, 28-րդ երթուղու տնօրեն - Չորս օր առաջ սկսեցինք 2000-ով հավաքել, որովհետև 1000 դրամ էինք հավաքում, տալիս էին օրական 7000, 10000, 12000՝ ամբողջ երթուղին, այն դեպքում, որ օրական մուծում էին այն ժամանակ 60-70.000:
10-րդ երթուղու վարորդ Հայկ Պիպոյանն այլ մտավախություն ունի: Հիմա գծի է դուրս գալիս ավելի ուշ՝ 5-ի փոխարեն տասը րոպեն մեկ: Համավարակի օրերին, երբ կանգնած երթեևեկությունն արգելվում է, հարցնում է՝ ինչպե՞ս են քաղաքացիները տեղ հասնելու: Այնպես չի, որ ինքը կանգնած ուղևոր չի վերցնում, բայց դե ինչ իմանաս, իսկ եթե տուգանեն.
Հայկ Պիպոյան, 10-րդ երթուղու վարորդ - Աշակերտին ո՞նց վերցնեմ, նստեցնեմ, տանեմ: Աշակերտը դասից կուշանա, աշխատանքի գնացողն աշխատանքից կուշանա, մինչև հաջորդ մեքենայի գալը, այն էլ բախտի բերմամբ` կկարողանա՞ նստել, թե՞ ոչ:
Վարորդ Հայկն օրական հինգ անգամ է երթուղի դուրս գալիս, կեսօրին էլ մեքենան գրեթե դատարկ է: Ասում է՝ միշտ չէ, որ կարողանում է օրավճարը տալուց հետո գումար տուն տանել: Մեքենան իրենն է, ծախսերն էլ ինքն է հոգում: 15 հազարի փոխարեն հիմա վճարում է ավելի քիչ, բայց դե երաշխիք չունի, որ սեպտեմբերից նորից չեն բարձրացնի:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը հետևում է վերջին օրերի գերբեռնված երթևեկությանն ու արձանագրում ակտիվություն: Վարչության պետի խոսքով՝ բնական է, որ շուրջ 7 ամիս նորմալ չաշխատած տնտեսվարողները փորձում են աստիճանաբար ավելացնել իրենց շահույթը.
Էդգար Գալստյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ - Շահույթը կամ օրվա հասույթը բարձրացնելուն զուգահեռ մենք նաև պահանջ ենք դրել, որպեսզի առաջիկա օրերին նաև շարժակազմերի քանակը բերեն նախկին տեսքին:
Երթուղայինների քանակը նվազել է, բայց քաղաքապետարանից վստահեցնում են՝ մինչև սեպտեմբերի 14-ը կփորձեն աստիճանաբար վերականգնել այն: Էդգար Գալստյանի խոսքով՝ մասնավոր ընկերությունների համալրման և փոխարինման գործընթացի շրջանակում կլինեն նաև մեքենաներ, որոնք առաջիկայում կհանեն երթևեկությունից, որովհետև չեն համապատասխանում գործող ստանդարտներին.
Էդգար Գալստյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ - Այսօրվա դրությամբ ունենք դեռևս շուրջ 280 շարժակազմ, խոսքը միկրոավտոբուսների մասին է, որոնք նախատեսում ենք հանել մինչև տարեվերջ:
Համավարակի օրերին հանրային տրանսպորտի նկատմամբ ամենօրյա հսկողություն իրականացնող Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն անցել է կասեցումների: Պարբերական խախտումների համար ժամանակավոր դադարեցվել է ավելի քան տասը տրանսպորտային միջոցի գործունեություն: Կառույցից վստահեցնում են՝ իրենց տեսուչները վարորդներից պահանջելու են կարևորը՝ չերթևեկել գերբեռնված.
Արտյուշ Գրիգորյան, ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ - Մենք առաջարկել ենք տնտեսվարող սուբյեկտներին հատկապես գերբեռնվածության ժամերին, որոնք են առավոտյան վաղ և երեկոյան 18:00-ից մինչև 19:30-20:00 հնարավորինս շատ մեքենաներ թողնեն երթուղի սպասարկող ռեժիմում:
Խնդիրներին լուծումներ առաջարկվել են, բայց մասնավորին պատկանող ամենամեծ ցանցը, որը սպասարկում է տասը երթուղի, արդեն վեց ամիս է 160-ի փոխարեն սպասարկում է 70-ը: Այստեղ վարորդները հրաժարվում են աշխատանքի դուրս գալ, տնտեսվարողն էլ կորոնաիրավիճակով պայմանավորված` չի կարողանում նրանց ազատել: