Ռայնիսի փողոցի լուսաբացը սկսեց պայթյունով: Հարևան շենքերի բնակիչները բաց պատշգամբներից ոչինչ չեն նկատել, միայն ձայներ են լսել:
Աշխատանքի գնալու պահին Անդրանիկը շենքի մուտքի մոտ պայթյունի ձայն է լսել, ձայնի ուղղությամբ վազել, տեսել է՝ Ռայնիսի փողոցի առաջին շենքի վերջին մուտքն ամբողջությամբ փլվել է:
Մի քանի հոգով մոտեցել, սկսել են փլատակների տակ մնացածներին օգնել, շտապօգնություն զանգել: Առաջինը դուրս են բերել 70-ամյա կնոջ, հետո գնացել են փլվածքի տակ մնացածների ձայների ուղղությամբ:
Անդրանիկ Քալանթարյան, Ռայնիսի փողոցի բնակիչ - Առաջինը տարեց կնոջն ենք հանել ու այդ ժամանակ լսել ենք տղամարդու ձայներ:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռայնիսի փողոցում 1-ին հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Փրկարարները 19 քաղաքացու տարհանել են: Նախնական տվյալով՝ գազի արտահոսքը եղել է երկրորդ հարկի բնակարաններից մեկում: Շենքը սեյսմակայուն է, առաջին, երկրորդ, երրորդ մուտքերն անվտանգ են:
Ֆելիքս Ցոլակյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար - Չորրորդ մուտքի հետ կապված կասկածելի է, պետք է ստուգեն, հինգերորդը փլված մուտքն է:
Դեպքի վայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին: Փլատակների տակ մնացած երեք քաղաքացուց երկուսին փրկարարները դուրս են բերել, տեղափոխել Հերացու 1-ին հիվանդանոց: Սվետլանա Սահակյանի ու Էդգար Մարգարյանի վիճակը բժիշկները գնահատում են միջին և ծայրահեղ ծանր: Տուժածները ենթարկվել են ամբողջական հետազոտության: Կինը գիտակից վիճակում է: Տղամարդու մարմի մակերեսն ամբողջությամբ այրվել է:
Արեն Բաբլումյան, «Հերացի» 1-ին համալսարանական հիվանդանոցի տնօրեն - Հիվանդն ընդունվել է հիվանդանոց, անմիջապես միացվել է արհեստական շնչառության, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մարմնում կային բեկորներ, դրանք հեռացվել են:
Երրորդ տուժածին փլատակներից հանելու համար փրկարարները մի քանի անգամ լռության պահ հայտարարեցին՝ փորձելով որսալ նրա ձայնն ու այդ ուղղությամբ աշխատել, բայց անարդյունք: Հետո փորձել են բջջային հեռախոսին զանգել, որ կողմնորոշվեին՝ որ հատվածում է: Միայն կեսօրից հետո 56-ամյա Արթուր Ղազարյանին փրկարարները գտան՝ ցավոք մահացած:
Ֆելիքս Ցլակյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար - Հավանաբար քնած էր եղել, որովհետև մահճակալի մասերը քանդեցին, նոր կարողացան դուրս բերել մարմինը:
Պայթյունի առիթով Քննչական կոմիտեն հարուցել է քրեկան գործ: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստեղծել է մասնագիտական հանձնաժողով՝ դեպքի մանրամասները պարզելու նպատակով:
Արազ Պապիկյան, ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ - Մասնագիտական խումբը ուսումնասիրում է փլուզման պատճառները. արդյոք գազի արտահո՞սք է եղել:
Պայթյունը տեղի է ունեցել քառահարկ պանելային շենքում, փլվել է 12 բնակարան: Նախնական տվյալով՝ պայթյունը եղել է 2-րդ հարկի բնակարաններից մեկում: Իսկ մահացած քաղաքացին երրորդ հարկի բնակիչ էր: