ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր մանրամասներ է ներկայացրել Ռայնիսի փողոցում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունի մասին:
«Լուրեր»-ի հետ զրույցում նա հայտնել է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է շենքի մուտքը: Փրկարարները պատշգամբներից իջեցրել են 19 հոգու:
«Նախնական տվյալներով՝ երեք հոգի փլատակների տակ էին, երկուսին հանել են արդեն, և հիվանդանոցում են: Մեկը փլատակների տակ է. հավանաբար, հիմա աշխատանքներ են ընթանում»,- ասաց Ցոլակյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ տեղում աշխատում է փրկարար ուժերի վարչության հատուկ ջոկատը: Արդեն հեռացված են վտանգավոր վիճակում կախված բետոնե հատվածները: Ընթանում է քննություն՝ պարզելու պայթյունի պատճառը:
Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ ԱԻՆ սեյսմիկ վարչության աշխատակիցները կուսումնասիրեն նաև շենքի մնացած հատվածը: Ըստ նախարարի՝ այս պահին բնակիչները բոլորը շենքից տարհանված են: