ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում համապետական ծնողական ժողով է անում:
Նախարարի խոսքով՝ «ժողովը կարևոր է մեզ համար մի քանի առումով. բացահայտելու այն խնդիրները, որոնք կան, և զրուցելու մի շարք այլ խնդիրներից, որոնք ծառացել են հանրակրթության առջև և տարբեր քննարկումների տեղիք են տալիս, հիմնականում՝ շահարկումների»:
«Այսօր մի շարք բացահայտումներ կանենք, որոնք թույլ կտան լույս սփռել դրանց վրա և բացահայտել այն կեղծիքները, որոնք կան»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
«Մինչ այդ մի շատ կարևոր զրույց ունեմ ծնողների հետ:
2020 թ. մարտի 13-ից, ըստ էության, մեր դպրոցները փակ էին, և մենք կրթության շարունակականությունը ապահովելու համար ձեռնամուխ եղանք շատ բարդ փոփոխությունների, բայց և՛ ծնողները, և՛ ուսուցիչները, և՛ համակարգը շատ դրական արձագանքեցին: Եվ մենք անցանք հեռավար կրթության: Կրթության շարունակականության ապահովումը ցանկացած համակարգի կենսական անհրաժեշտություններից է: Եթե ընդհատում ենք ունենում, ապա հետագայում վերադառնալ նորմալ կրթական գործընթացի շատ դժվար է լինում, և այդ առումով մեզ հաջողվեց անցած կիսամյակում ապահովել կրության շարունակականությունը:
Հիմա գալիս է սեպտեմբերը, և մեր ընդհանուր դիտարկումներն այնպիսին էր, որ ծնողների գերակշիռ մեծամասնությունը ցանկանում է, որ դպրոցները բացվեն:
Մեր ցանկությունն էլ էր էդպիսին, որ դպրոցները բացվեն, և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն:
Մենք ընդհանուր անկում ունենք քովիդով վարակվածների թվի, և դա շատ լավ է: Բայց մենք դպրոցների և բուհերի բացմամբ չպետք է նպաստենք, որ այդ թիվն ավելանա, որովհետև եթե ավելանում է, մենք այնպիսի իրավիճակ ենք ունենում, որ կարող է կարճ ժամանակ հետո թվերը այնպես վերելք ապրեն, կորն այնքան բարձրանա, որ ստիպված լինենք նորից դպրոցը փակելու, և դա շատ մեծ խնդիր է կրթական համակարգի համար:
Մենք ամեն ինչ անում ենք, որ դա թույլ չտանք և թույլ չենք տալու»,- հավելեց նա:
Նախարարը կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները՝ թվերի աճ չունենալու համար, ապա ավելացրեց, որ ոչ պաշտոնական հարցման արդյունքում ծնողների շուրջ 80 տոկոսը նշել է, որ երեխաներին պատրաստ է դպրոց ուղարկել: