Սույն թվականի օգոստոսի 8-ին Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեսահանդիպում են ունեցել ԵԱՀԿ և DCAF փորձագետների հետ։ Առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ-ն DCAF-ի հետ համատեղ կատարել էր աշխարհի առաջատար երկրների քննիչ հանձնաժողովների վերաբերյալ համապարփակ հետազոտություն։
«Ինչպես գիտեք, շուրջ մեկ տարի՝ 2019 թվականի հունիս ամսից, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ Սահմանադրությամբ ստանձնեց 2016 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դերակատարումը։ Վստահաբար կարող եմ ասել, որ չունենալով ոլորտային նախադեպ՝ քննիչ հանձնաժողովը կատարեց իր խնդիրը և, առանց քաղաքական շահարկումների, անաչառ իրականացրեց իր պարտականությունները։ Շուտով՝ սեպտեմբեր ամսին, հանձնաժողովը կներկայացնի այդքան սպասված եզրակացությունը՝ լիովին փաստարկված և հիմնավորված»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Հանձնաժողովի նախագահը կարևորեց առաջատար երկրների հաջողված փորձը՝ կապված քննիչ հանձնաժողովների աշխատանքի հետ։ «Համոզված եմ, որ խորհրդարանական կառավարման երկրում քննիչ հանձնաժողովները պետք է շարունակ հարստացնեն իրենց գործիքակազմը՝ օրենսդրական նոր կարգավորումների տեսքով՝ հետագայում ավելի արդյունավետ աշխատանք տանելու նպատակով»,- նշեց նա։
Երկու զեկույցները լսելուց հետո պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ չնայած քննիչ հանձնաժողովների գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրական շրջանակով, կա որոշակի լրացումներ կատարելու անհրաժեշտություն, օրինակ՝ քննիչ հանձնաժողովի հրավերը մերժելու կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու հետ կապված։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կատարված ուսումնասիրությունները կներկայացվեն ԱԺ պետական և իրավական հարցերով հանձնաժողովին ևս, և դրա հիման վրա կկազմակերպվեն քննարկումներ։