Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս օրերին և 2018 թվականից սկսած ՀՀ-ում հաստատվել է ամենաազգային իշխանությունն ու կառավարությունը: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` համապետական ծնողական ժողովի ընթացքում անդրադառնալով այն խոսակցություններին, թե իրենք փորձում են «քանդել դպրոցը, ստվեր նետել պատմության և գրականության վրա, վնասել ազգային արժեքները»:
«Ամենաազգային իշխանությունն ու կառավարությունը, որը հարգում է իր ավանդույթները, պատմությունը և այդ ազգային հիմքի վրա Ձեր երեխաների համար ձևավորում է նոր ապագա: Փորձում է պատրաստել այնպիսի քաղաքացի, որն ասելիք կունենա ապագայում, մեր օրերում, 21-րդ դարում և իր կրթությամբ, գիտությամբ, ուժեղ բանակով Հայաստանի Հանրապետությունը կներկայացնի նորովի` ամբողջ աշխարհում: Դրա համար մեզ անհրաժեշտ է ունենալ ուժեղ դպրոց` իրական գիտելիքի, կրթության, ազգային ավանդույթների վրա հենված:
Խավարամիտների բանակը, որը պայքարում է մեր իշխանության և փոփոխությունների դեմ, որոնք տեղի են ունենում ներկայումս, իրենք են եղել նախորդ իշխանության և իրենց ձևավորած կրթական համակարգի հիմքը: Եթե մեզ դա դուր էր գալիս, ապա մենք 2018-ին չէինք ընդվզի այդ ամենի դեմ»,- ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանի խոսքով` սուտ և կեղծ տեղեկություններով հասարակությանը փորձում են շեղել իրական բարեփոխումների օրակարգից, իրենց` հիմնական աշխատանքից և ժամանակ ծախսեն հերքումների վրա: ԿԳՄՍ նախարարը խնդրեց հետևել միայն պաշտոնական լրահոսին և չհավատալ սուտ տեղեկություններին:
«Հայ եկեղեցու պատմությունը» միացրել ենք «Հայ ժողովրդի պատմությանը»` դրանով իսկ ավելի արժևորելով եկեղեցին, որը մեր հազարամյակների պատմության մեջ լուրջ դերակատարություն է ունեցել: Մեր նպատակը եկեղեցին մեր պետությունից առանձնացնելը չէ, այլ ասելը, որ դա մեր ժողովրդի պատմությունն է և մեզ համար դա սկզբունքային է»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
ԿԳՄՍ նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ նախարարությունն անում է առավելագույնը` երեխաների լուսավոր ապագան ապահովելու համար: