«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից տեղեկացնում են, որ փեյնթբոլի «Լեգեոն» ակումբի հետ համատեղ կկազմակերպվի ՏՏ և ինժեներական ընկերությունների միջև փեյնթբոլի սիրողական մրցաշար:
Մրցաշարին, որը կանցկացվի Սևանա լճի ափին՝ «Լեգեոն» փեյնթբոլի ակումբի տարածքում, կարող են մասնակցել միայն ՏՏ և ինժեներական ընկերությունների թիմերը:
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ: Վերջնաժամկետը օգոստոսի 28-ն է՝ ժամը 23:59-ը: Մասնակցության պայմանները հասանելի են այստեղ:
«Առաջին անգամ ինժեներական ընկերությունների հավաքականը մրցելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների հավաքականի հետ: Սա լավ հնարավորություն է ոչ ֆորմալ միջավայրում հաղորդակցվելու, լավ ժամանակ անցկացնելու և նոր ընկերներ ձեռք բերելու համար: Հաղթող թիմը կարժանանա մրցանակի»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը:
Խաղը կվարեն արհեստավարժ զինվորական մասնագետներ: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը մասնակիցների հետ կանցկացնի կրակային պարապմունքներ և ռազմական մարտավարության վարժանքներ:
Փեյնթբոլի խաղից բացի, մասնակիցների համար կկազմակերպվի առանձին ավտոարշավ՝ դեպի հարակից բարձունքներ, որտեղից երևում է Սևանը: