Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա յոթ ամիսներին նվազել է 5.7 տոկոսով. 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Հիմնական անկումն արձանագրվել է շինարարության, առևտրի շրջանառության, ծառայությունների և արտաքին առևտրաշրջանառության ոլորտներում:
2020 թ. հունվար-հուլիսի ցուցանիշներով՝ շինարարության ոլորտի անկումը կազմել է 22.6%: Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) նվազել է 9.3%-ով, իսկ առևտրի շրջանառությունը՝ 11%-ով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2020 թ. յոթ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11.3%-ով. արտահանումը նվազել է 6.4%-ով, իսկ ներմուծումը` 13.7%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 1.3%-ով: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5%-ով:
Նկատենք, որ թեև յոթ ամսվա կտրվածքով անկում է արձանագրվել, սակայն ամսական ցուցանիշները, ընդհակառակը, վկայում են տնտեսության վերականգնման տեմպերի մասին: Մասնավորապես, հունիսի համեմատ հուլիսին ՏԱՑ-ը մեկ ամսվա ընթացքում ավելացել է 9.7 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1.4 տոկոսով, շինարարությունը՝ 10.8 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 17 տոկոսով, արտաքին առևտուրը՝ 2.4 տոկոսով, որից՝ արտահանումը 1.5 տոկոսով, ներմուծումը՝ 2.9 տոկոսով: