Օգոստոսի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ Երևանի Արցախի փողոցի և Աբովյանի պուրակի հարակից տարածքներում արձանագրել են խախտումներ՝ մարդատար տաքսիներում հայտնաբերել են ավտոմեքենայի առջևի նստատեղում ուղևորի փոխադրման դեպքեր և ուղևորներով գերբեռնված տրանսպորտային միջոցներ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ակնհայտ խախտումներ չի հայտնաբերել: Մարզերից երկուսի հանրային սննդի մի քանի կազմակերպություններում թերացումներ են եղել՝ թերի են լրացվել ջերմաչափման և ախտահանման մատյանները, խախտվել է դիմակ կրելու պահանջը:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մասնագետները աշխատել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և խախտումներ չեն հայտնաբերել:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այսօր աշխատել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Կոպիտ խախտումներ չեն հայտնաբերվել: Գրանցվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու եզակի դեպքեր։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները այցելել են խոշոր բժշկական կազմակերպություններ, կարի և պահածոների արտադրամասեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր: Արձանագրվել են մի շարք խախտումներ: Էջմիածին քաղաքում կասեցվել է մի քանի ընկերության գործունեություն:
Տեսչական մարմինների ստուգայցերը կշարունակվեն: