Սևանի իշխանի հերթական խմբաքանակը Ռուսաստան կարտահանեն տեսակավորված: Նոր սարքավորումը հնարավորություն է տալիս Գեղարքունի և Ամառային բախտակ էնդեմիկ տեսակներն ըստ քաշի տեսակավորել:
Տիգրան Գաբրիելյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Այդ սարքավորումը եզակի է հանրապետությունում, երևի տարածաշրջանում, որը տեսակավորում է ձուկն ըստ քաշերի և տեսակների:
Համավարակի պատճառով արդեն մի քանի ամիս է`Սևանի իշխանը Միացյալ նահանգներ չի արտահանվում: Ձվադրող ձկների քաշը հասնում է նույնիսկ ութ կիլոգրամի,- ասում է Սևանի իշխանի պաշարների վերականգնման հիմնադրամի տնօրենը: Տեսակավորման սարքը կօգտագործեն նաև արդյունագործական նպատակով: Հիմա ձկներին կկարողանան կերակրել համաչափ:
Վարդան Մամիկոնյան, Սևանի իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման հինադրամի տնօրեն - Նախորդ տարիներին չէինք կարողանում կողմնորոշվել, թե ցանցերում ինչքան ձուկ կա. չափերը տարբեր են` մեծ ձկները շատ են ուտում, ավելորդ ճարպ են կուտակում, փոքրերը սոված են մնում: Շատ կեր տալիս` քիչ ձուկ էինք ունենում:
Սարքը հնարավորություն է տալիս նաև նվազեցնել արտահանվող ձկան ինքնարժեքը: Հաջորդ տարի ակնկալում են, որ Գեղարքունի և Ամառային բախտակ իշխանի գինը կնվազի:
Վարդան Մամիկոնյան, Սևանի իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման հինադրամի տնօրեն - 4800 դրամից 2200 ինքնարժեքն է` առանց ավելացված արժեքի հարկի, ավելի քան երկու անգամ իջել է ապրանքային ձկան ինքնարժեքը, ավելի քան երկուսուկես անգամ` մանրաձկան: Եկող տարի ակնկալում ենք շատ ավելի էժան ձուկ ունենալ:
Կորոնավիրուսի թելադրած պայմաններն, ընդհանուր առմամբ, չեն ազդել ձկան և ձկնամթերքի արտահանման թվերի վրա,- ասում է ոլորտի պատասխանատուն: Թեև եթե համավարակը չլիներ, թվերն ավելի մեծ կլինեին: Հիմնականում` արտահանման բուն գործընթացն սկսվում է հոկտեմբերին: