Սևանի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը գործնական փուլում է։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ «Սևան» ազգային պարկ» այցի ժամանակ տեղում վերհանվել է ափամերձ հատվածի ապօրինի կառուցապատման դեպք․ Սևանա թերակղզու կենտրոնական հատվածում՝ նախկին նավամատույց տանող ասֆալտապատ ճանապարհից ձախ լճափնյա մասում, տարածքի հողօգտագործողն ինքնակամ տեղադրել էր երկաթյա կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Նախարարը կարգադրել է ստուգել համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայությունն ու իրավախախտումներին շուտափույթ լուծում տալ՝ ամենասեղմ ժամկետներում ափամերձ հատվածն ազատելով ապօրինի կառույցից։ Այժմ ապօրինի տաղավարի ապամոնտաժումն ընթացքի մեջ է։ Սևանա լճի ու դրա ջրահավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային է ափամերձ հատվածներում տնտեսավարման պատշաճ վերահսկողությունն ու ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը։
Ստուգայցերն ու դիտարկումները կրում են պարբերական բնույթ, ապօրինի և օրենքի խախտմամբ կառուցված յուրաքանչյուր շենք-շինություն ու տաղավար կապամոնտաժվեն՝ օրենքով սահմանված կարգով։ Պահպանե՛նք մեր ազգային հարստությունը։