ՀՀ դատախազությունը տեղեկացրել էր, որ սնանկության գործընթացները հաճախ ուղեկցվում են սնանկության գործերով կառավարիչների մասնակցությամբ հանցավոր մեխանիզմներով՝ կոչ անելով ֆիզիկական և իրավաբանական անձանց սնանկության գործընթացների շրջանակներում օրենսդրության պահանջների առերևույթ խախտումների, հանցավոր դրսևորումների, սնանկության կառավարիչների հնարավոր ոչ իրավաչափ գործողություններին առնչվելու դեպքում այդ տվյալներն անհապաղ հասու դարձնել ՀՀ դատախազությանը կամ այլ իրավապահ մարմինների:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ դատախազություն դիմած՝ սնանկության գործով պարտապան հանդիսացող անձի ներկայացրած հանգամանքների կապակցությամբ: Ուսումնասիրության համակողմանիությունն ապահովելու նպատակով լրացուցիչ անհրաժեշտ փաստաթղթեր ու տվյալներ են պահանջվել և ստացվել նաև ՀՀ կադաստրի պետական կոմիտեից և տվյալ գործով զբաղվող սնանկության կառավարչից:
Արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017 թ. հունվարի 11-ի վճռով բավարարել է ՀՀ ԿԱ ՊԵԿ դիմումը և «Ջրհան» ՓԲԸ-ին ճանաչել է սնանկ:
Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի՝ Մ. Մաշտոցի փողոցում գտնվող՝ նշված ընկերությանը պատկանող 2,88566 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի և 3939.51 քմ արտադրական նպատակային նշանակության շենք շինությունների շուկայական արժեքը գնահատվել է 50.400.000 ՀՀ դրամ, որը 2019 թ. հոկտեմբերի 22-ին օտարվել է ընդամենը 6.808.645 ՀՀ դրամով: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականում առկա են եղել նաև 365,5 քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք թեև չեն գնահատվել, սակայն նշված գույքերի հետ միասին փոխանցվել են գնորդին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը»:
Այսինքն՝ սնանկության կառավարիչը, օժտված լինելով գույքի տնօրինման գործառույթով, նախքան գույքի օտարումը չի իրականացրել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա առկա գույքի շուրջ 10%-ը կազմող 365,5 քմ մակերեսով ինքնակամ շինությունների պետական գրանցում, որի հետևանքով առանց իրական շուկայական արժեքը որոշելու, ակնհայտ անշահավետ պայմաններով օտարել է այն՝ պարտատերերին, այդ թվում՝ պետությանը պատճառելով 5.400.000 ՀՀ դրամի խոշոր չափի վնաս: Մինչդեռ գրանցման արդյունքում էականորեն կավելանային գույքի արժեքը և պահանջարկը:
Ընդ որում, օտարված գույքի ծավալի կազմում առկա է եղել նաև 90 մ խորությամբ և 219 մմ խողովակներով և զտիչներով ամրակապված խորքային հոր, որը չի ներառվել գույքագրման ակտում և չի գնահատվել, ինչը ևս էականորեն նվազեցրել է գույքի արժեքը:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել սնանկության ընթացքում անօրինական գործողություններ կատարելու, մասնավորապես՝ ակնհայտ անշահավետ պայմաններով գույքն օտարելու առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: