Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստին մասնակցող 15 անդամից յոթը կողմ են քվեարկել սահմանադրական արդարադատության համակարգը գործող մոդելի շրջանակում զարգացնելուն, իսկ սահմանադրական վերահսկողությունը ապակենտրոնացնելուն և բարձրագույն դատական ատյանները միավորելուն կողմ են քվեարկել հանձնաժողովի անդամներից ութը։
1lurer.am-ի հետ զրույցում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը հայտնեց, որ Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ երկու հայեցակարգեր էին պատրաստվել, որից մեկը պատրաստել են իրավաբան գիտնականներ Արմեն Մազմանյանը, Լևոն Գևորգյանը, Արսեն Թավադյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, մյուսը՝ արդարադատության նախարարությունը: Զադոյանն անդրադարձավ, թե հայեցակարգի շրջանակում ի՛նչ փոփոխություններ են նախատեսվում իրականացնել:
«Առաջինը Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները և նրանց բոլոր գործառույթները, լիազորությունները միավորելն է, իսկ երկրորդը՝ դատարաններին, բացի Սահմանադրական դատարանից, որը ներկայումս ունի այդ իրավազորությունները, հնարավորություն տալ՝ իրենց գործի վարույթում նաև անդրադառնալ օրենքների սահմանադրականությանը: Այսինքն՝ որոշում կայացնել՝ այն համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ»,- ասաց Զադոյանը՝ նշելով, որ հիմքում մի շարք իրավական հիմնավորումներ կան:
Զադոյանը ընդգծեց, որ ներկայումս Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանների իրավազորությունների համակարգում կան ինստիտուցիոնալ լուրջ խնդիրներ ու բախումներ, որը ծնում է իրավական անորոշություն:
«Այս առումով միավորելով այս երկու դատարանները՝ նաև լուծվում է իրավական որոշակիության խնդիրը: Հնարավորություն տալով այլ դատարանի դատավորներին սահմանադրականության վերաբերյալ որոշումներ կայացնել՝ նրանց հնարավորություն է ընձեռվում զբաղվել հանրային իրավունքի ավելի բարդ խնդիրներով»,- ասաց Կարեն Զադոյանը:
Նրա խոսքով՝ այն նպաստելու է նաև սահմանադրական իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև բարձրացնելու է դատավորների արժանապատվության խնդիրը:
«Այսպես ասած՝ «էլիտար» դատարանի կոնցեպտը վերանում է, և այն իրավազորությունները, որոնք ունեին նաև ինչ-որ խումբ դատավորներ, պայմանական ասենք՝ էլիտա, արդեն տարածվելու են բոլոր դատավորների վրա, և, անշուշտ, սա մեծ հնարավորություն է իրավամտածողության զարգացման առումով: Կան նաև մի շարք այլ հիմնավորումներ՝ կապված հանրային վստահության հետ: Սա նաև նոր սկիզբ է հանդիսանալու, հանրային վստահություն և սպասելիքներ է բերելու: Բացի այդ, ամբողջ գործընթացը նաև ժամկետների առումով կրճատվելու է և իրավունքների պաշտպանությանն է նպաստելու»,- ասաց Զադոյանը:
Ներկայումս օրենքների սահմանադրականության վերաբերյալ որոշումները բացառապես ընդունում է Սահմանադրական դատարանը, իսկ նախատեսվող բարեփոխումներով լինելու է ապակենտրոնացում, և բոլոր դատարաններն իրենց վարույթներում այդ որոշումներն ընդունելու են: «Իհարկե դրա՝ ուժի մեջ մտնելու խնդիրը դեռևս քննարկվում է: Արդարադատության նախարարության գործընկերների հետ քննարկում ենք, և վերջնական հայեցակարգում մանրամասները տեղ կգտնեն»,- ասաց Զադոյանը:
Անդրադառնալով նաև այն տարածված դիտարկումներին, որ այդ ամենը քաղաքական բնույթ ունի և արվում է, որպեսզի Սահմանադրական դատարանը լուծարվի, Զադոյանը փաստարկված չի համարում, այլ ասում է, որ իրավական հիմնավորումը հենց լիազորությունների միավորումն է:
«Սահմանադրության 168-րդ հոդվածը կարգավորում է Սահմանադրական դատարանի լիազորությունները, բնականաբար, այդ լիազորությունները փոխանցվելու են Գերագույն դատարանին: Նույնկերպ Վճռաբեկ դատարանի լիազորություններն են փոխանցվելու Գերագույն դատարանին: Այսինքն՝ այստեղ չի գնալու որևէ խոսք, չի լինելու որևէ փաստարկ, որ Սահմանադրական դատարանը փակվում է, հակառակը՝ սահմանադրականությունը երկրում ավելի է զարգանալու դատական համակարգում»,- ասաց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահը:
Զադոյանն ընդգծեց, որ մշտապես խոսվում է դատարանի անկախության ու արդյունավետության, հանրային վստահության խնդիրների վերաբերյալ, և հայեցակարգը կյանքի կոչելու ընթացքում այդ բոլոր մտահոգություններին փորձելու են լուծում տալ: